ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ամեն ինչ անելու են բոլոր տղաներին ողջ և առողջ Հայաստան վերադարձնելու համար։ Նա Facebook–ի իր էջում այսպիսի գրառում է արել գերիների և անհետ կորածների հարազատների հետ հանդիպումից հետո։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիմոնյանը հանդիպել է գերիների ու անհետ կորածների հարազատների 10 ներկայացուցչի հետ։ Հանդիպումը տևել էր մոտ մեկ ժամ, ավարտվել 20։30–ին։ Գերիների և անհետ կորածների հարազատները ներկայացրել են իրենց հարցերը և զրուցել առկա խնդիրների վերաբերյալ։
«Բոլոր տղաների ողջ և առողջ Հայաստան վերադարձի ուղղությամբ տարվող մեր ջանքերը չեն դադարել ու չեն դադարելու»,–գրել է նա:
Սիմոնյանը շնորհակություն է հայտնել գերիների և անհետ կորածների հարազատներին հանդիպման համար:
Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին համացանցում հայտնվեց Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված մի տեսանյութ, որում ԱԺ նախագահը հայտարարում է` գերիների ծնողներն էլ գիտեն, որ իրենց որդիները դասալքություն են արել։
Ավելի ուշ Ալեն Սիմոնյանը մեկնաբանեց, որ տեսանյութը մոնտաժված է, իր խոսքն էլ կիսատ է ներկայացված։ Այդուհանդերձ, նա վերահաստատեց` բոլոր այն զինծառայողները, որոնք վայր են դրել զենքն ու հանձնվել են գերության, կենթարկվեն քրեական հետապնդման։
Դրանից հետո գերիների և անհետ կորածների հարազատները հավաքվեցին Հանրապետության հրապարակում` կառավարության շենքի մոտ, շիրակցի գերիների հարազատներն էլ բողոքի ակցիա արեցին մարզպետարանի շենքի մոտ։ Նրանց զայրացրել էր Ալեն Սիմոնյանի ասածը։