«Ստելու մեջ ինձ մեղադրելուց առաջ հայելու մեջ ձեզ նայեք». Թորոսյանը` Թովմասյանին

ԱԺ–ում թեժ քննարկում էր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցն ԱԺ օրակարգում ընդգրկելու առնչությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի պատգամավորները քվեարկությամբ մերժեցին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցն ԱԺ օրակարգում ընդգրկել։ Քննարկումն անցավ թեժ մթնոլորտում։
Նախագծի հեղինակ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտնեց, որ նախագծով առաջարկվում է զինծառայողների առողջական վիճակի հետազոտումը, փորձաքննությունը և բուժումը կատարել առաջնահերթ ու անվճար՝ պետության երաշխավորած բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում:
Իշխանությունն ամեն ինչ անում է, որ սահմանազատման հարցերով քննարկումը փակ լինի. Օհանյան
«Մեր զինվորական հոսպիտալներ մի շարք այցերն ապացուցեցին, որ զինծառայողների պարագայում առաջնահերթ բժշկական օգնություն և սպասարկում նախատեսված չէ։ Այսինքն` 14 օր առաջնագծում գտնված սպան, երբ հետ է վերադառնում, հնարավոր է ընդհուպ մինչև 1 ամիս հերթի մեջ լինի ՄՌՏ հետազոտություն անցնելու համար»,–ասաց Թովմասյանը։
Նրա խոսքով` զարմանալի է, որ ինչպես կառավարությունը, այնպես էլ ԱԺ գլխադասային՝ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը տվել են բացասական եզրակացություն` ասելով, որ հերթի մեջ սպասող այլ մարդկանց հանդեպ սա խտրականություն կլինի։
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանի խոսքով` բացասական եզրակացություն է տրվել նախագծին, քանի որ այդ արտոնություններն արդեն իսկ տրվում են զինծառայողներին։ Ըստ նրա` որևէ նոր բան չկա այս նախագծում։
Ազգային ժողովում հարգեցին երկրաշարժի զոհերի հիշատակը
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ հակադարձեց` արտոնություն պետք է տրվի ոչ միայն զինծառայողներին, այլ նաև զինծառայողների ընտանիքներին։ Նրա խոսքով` այս նախագծով նաև զինվորական մասնագիտության գրավչությունը կմեծանա։
Դրանից հետո կրքերը լարվեցին. իշխանական պատգամավոր Արսեն Թորոսյանը հայտնեց, որ նման արտոնություն 2019-ի վերջին է սահմանվել, և այս նախագիծը զուտ պոպուլիստական բնույթ է կրում։ «Մի ստեք»,– ի պատասխան արձագանքեց Թագուհի Թովմասյանը։ Արսեն Թորոսյանն էլ իր հերթին ասաց, թե իրեն ստելու մեջ մեղադրելուց առաջ, ավելի լավ է մեկ–մեկ հայելու մեջ նայել։ Պատգամավորները 55 դեմ, 28 կողմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նախագիծը չներառեցին ԱԺ օրակարգում։
Թագուհի Թովմասյանը հանդիպել է ՀՀ–ում ՌԴ դեսպանին. ի՞նչ ենք քննարկել նրանք
Հիշեցնենք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, ներառյալ՝ զորահավաքային զորակոչի, պայմանագրային զինվորական ծառայության և վարժական հավաքի ներգրավելու դեպքերում քաղաքացիների հետազոտումը, փորձաքննությունը և բուժումը կատարվում են առաջնահերթ ու անվճար՝ պետության երաշխավորած բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում: