«Սա նշանակում է մեր ժողովրդից թաքուն սահմանների ճշտումներ իրականացնել». Օհանյան

Սեյրան Օհանյան
Սեյրան Օհանյանի դիտարկմամբ` Ալիևի հոխորտանքը վկայում է, որ ՀՀ պարտված իշխանությունը գտնվում է Ադրբեջանի պարտադրանքի ներքո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ իշխանությունը չի ցանկանում անդրադառնալ այն զգայուն հարցին, ինչպիսին է սահմանագծումն ու սահմանազատումը։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` մեկնաբանելով այն փաստը, որ ԱԺ մեծամասնությունը մերժեց այդ հարցով լսումներ կազմակերպելու իրենց նախաձեռնությունը։
«Ժողովրդի առջև հաշվետու լինելու պատրաստակամությունը հակադրվում է այն գործողություններին, որ այս իշխանություններն իրականացնում են` ինչպես ուզում ենք, այնպես էլ բանակցում ենք, մարտական գործողություններից հետո բանավոր հրամաններ տալը, որ դիրքերից հետ քաշվեն, ռազմավարական կետեր, բարձունքներ, ճանապարհներ հանձնելը ադրբեջանցիներին` առանց սահմանագծման ու սահմանազատման` չհասկանալով, որ մի օր, երբ դա իրականացնելու լինենք, այլևս դժվար է լինելու ադրբեջանցիների զինվորներին այդտեղից հետ շպրտելը»,– ասաց Օհանյանը։
«Բարոյականությունից զուրկ հայտարարություն». Օհանյանը՝ Ալեն Սիմոնյանի տեսանյութի մասին
Որպես իր խոսքերի ապացույց` ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նշեց Սյունիքում ռազմավարական բարձունքներում, Գորիս–Կապան ճանապարհին ադրբեջանցիների տեղակայման փաստերը։
«Երբ անհրաժեշտ է լինում զինվորական ստորաբաժանում արագ տեղակայել, չեն անում, բայց երբ ադրբեջանցիները մաքսակետ են տեղադրել, միանգամից տարել, մեր կողմից մաքսակետը դիմացը տեղադրել են։ Սա նշանակում է մեր ժողովրդից թաքուն, ժողովրդի թիկունքի հետևում սահմանների ճշտումներ իրականացնել, մանավանդ որ ադրբեջանցիներն այդ սահմանազատումն իրականացնում են պարտադրանքի ձևով»,– ասաց Օհանյանը։
Նրա դիտարկմամբ` Ալիևի հոխորտանքը ևս վկայում է, որ ՀՀ պարտված իշխանությունը գտնվում է Ադրբեջանի պարտադրանքի ներքո։
Օհանյանի խոսքով` որպես ապաշրջափակում ներկայացվող գործընթացն իրականում Հայաստանի համար խորը շրջափակում է առաջ բերելու։
«Այդ ապաշրջափակման անվան տակ մենք հայտնվելու ենք խորը շրջափակման մեջ` տնտեսական ճնշմամբ ու նաև Սյունիքի հատվածում ժողովրդագրական մեր դիմապատկերի փոփոխության առումով»,– ասաց խմբակցության ղեկավարը` հավելելով, որ Ալիևի վերջին մեսիջ–սպառնալիքն ուղղված էր ինչպես Հայաստանին, այնպես էլ միջազգային հանրությանը։
«Դիրքերի ամրաշինական աշխատանքների հարցում իշխանության համար միշտ ձմեռ է». Մամիջանյան
Հիշեցնենք` Իլհամ Ալիևը երեկ իր ելույթում Հայաստանից պահանջել էր հնչեցնել այն օրը, թե երբ է բացվելու «Զանգեզուրի միջանցքը»` սպառնալով հակառակ դեպքում դիմել համապատասխան քայլերի։