ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ` դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստը ոչ մի կապ չունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությունների հետ։
Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, թե որքանով Ալիևի սպառնալիքը կապ ունի ԱԽ նիստի հետ։
«Դա եղել է տարբեր ժամանակահատվածներում։ Ինչ վերաբերում է բովանդակությանը, ես բովանդակության մասին պարզ պատճառներով չեմ խոսի»,– ասաց Սիմոնյանը։
Հիշեցնենք` Իլհամ Ալիևը երեկ իր ելույթում Հայաստանից պահանջել էր հնչեցնել այն օրը, թե երբ է բացվելու «Զանգեզուրի միջանցքը»` սպառնալով հակառակ դեպքում դիմել համապատասխան քայլերի։
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը երեկ կեսօրին հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:
Բացի Անվտանգության խորհրդի անդամներից, նիստին մասնակցել էին նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Թե ինչ հարցեր են քննարկվել նիստի ընթացքում, չի հայտարարվել։