ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն արձանագրում է, որ երկրում հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններն ընդհանուր առմամբ անցել են հանգիստ, խաղաղ մթնոլորտում և եղել են լավ կազմակերպված։ Այսօր տարածած հայտարարությամբ դեսպանատունն ամփոփել է ՏԻՄ ընտրությունները։
«Մենք բարձր ենք գնահատում հայ ժողովրդի մասնակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, գնահատանքի է արժանի նաև Հայաստանի` ժողովրդավարական ուղուն հետևելու հայ ժողովրդի ցուցաբերած շարունակական նվիրվածությունը»,–ասված է հայտարարության մեջ։
ԱՄՆ դեսպանատան ոչ մեծ թվով աշխատակիցներ դիտարկել են ընտրությունները՝ որպես այցելուներ։
Դեսպանատնից կարծում են, որ արդյունքների բազմազանությունն ընդգծել է ընտրությունների մրցակցային բնույթը, Հայաստանի ժողովրդավարության տոկունությունը և տարիների ընթացքում Հայաստանի գրանցած զգալի առաջընթացը։
«Մեզ նաև հասել են ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումների մասին հաղորդումներ։ Խրախուսում ենք իշխանություններին հետաքննել չարաշահումների վերաբերյալ մեղադրանքները»,–հորդորել են ԱՄՆ դեսպանատնից։
Նշվում է, որ մինչ իրենք աշխատում են կատարելագործելու իրենց իսկ ժողովրդավարությունը, ողջունում են Հայաստանի Հանրապետության հավատարմությունը ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին և ակնկալում ամրապնդել մեր երկկողմ կապերը՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Հայաստանի 9 մարզերի 36 համայնքներում տեղի ունեցած ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 42.48 տոկոսը։ 1 մլն 112 հազար 396 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 472 528 քաղաքացի։
ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչները մեկ մարդու նման չեն մասնակցել ընտրություններին, քանի որ դեմ են համայնքների խոշորացմանը։