ՀՀ և Ֆրանսիայի ՄԻՊ–երը քննարկել են հայերի նկատմամբ ադրբեջանցիների վայրագությունների խնդիրը

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հանդիպել է Ֆրանսիայի ՄԻՊ Կլեր Հենոնի հետ
Թաթոյանը ֆրանսիացի գործընկերոջը հայտնել է, որ ադրբեջանական իշխանությունները հայատյացության քաղաքականություն են տարածում և ակտիվ պահում հայերի դեմ թշնամանքն ամբողջ աշխարհում
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ` դեկտեմբերի 6-ին, Փարիզում հանդիպել է իր ֆրանսիացի գործընկերոջը՝ Ֆրանսիայի ՄԻՊ Կլեր Հենոնի հետ։
Ինչպես facebook-յան գրառման մեջ հայտնում է Թաթոյանը, հանդիպման ընթացքում ինքը մասնավորապես բարձրաձայնել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայկական կողմի գերիների անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը, տեղեկացրել, որ նրանք պահվում են քաղաքական նկատառումներով՝ խախտելով միջազգային իրավունքի կանոնները։

«Առանձին անդրադարձ եմ կատարել նաև ադրբեջանական զինծառայողների կողմից հայ զինծառայողների և քաղաքացիական բնակիչների իրավունքների կոպիտ խախտումներին, այդ թվում՝ խոշտանգումների, վայրագությունների համար պատասխանատվության հարցին»,– նշում է Թաթոյանը։

Նա նաև ֆրանսիացի գործընկերոջը հայտնել է, որ ադրբեջանական իշխանությունները հայատյացության քաղաքականություն են տարածում և ակտիվ պահում հայերի դեմ թշնամանքն ամբողջ աշխարհում, լարվածության մեջ պահում երկու ժողովուրդներին, վտանգում այլ երկրներում մարդու իրավունքների համակարգն ու լարվածության մեջ պահում մթնոլորտը։ Ըստ Թաթոյանի` հենց այդ քաղաքականության արդյունք են այն խոշտանգումներն ու վայրագությունները, որոնք իրականացվել են պատերազմի ընթացքում և դրանից հետո։
Ադրբեջանցիները քաղաքացիական բնակավայրերի մոտ չպետք է լինեն. ՀՀ ՄԻՊ–ը` սպանության մասին
Երկու երկրների ՄԻ պաշտպանները քննարկել են նաև մարդկանց վրա COVID-19 համավարակի առաջացրած բացասական հետևանքները, կանանց ու երեխաների իրավունքները, միջազգային ատյաններում Մարդու իրավունքների հաստատությունների մասնակցությանն առնչվող հարցերը։
Ինչպես արդեն հայտնել էինք, դեկտեմբերի 6–ին ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։