ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Հաագայում գտնվող ՄԱԿ-ի միջազգային դատարանը բավարարել է Ադրբեջանի դեմ Հայաստանի պահանջած գրեթե բոլոր միջանկյալ միջոցները և մերժել Ադրբեջանի պահանջած միջոցների մեծ մասը։ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այդ մասին գրել է Twitter-ում։
«Հայաստանը ողջունում է այս որոշումը և անհամբեր սպասում, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները գործնականում կիրականացնեն այն», - գրել է նա։
Հիշեցնենք` սեպտեմբերին Հայաստանի Հանրապետությունը գանգատ էր ներկայացրել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով:
Իր հայցում Հայաստանը պահանջում էր, որ Ադրբեջանն անհապաղ ազատ արձակի հայ գերիներին, քաղաքացիական պատանդներին և այլ պահված անձանց, որոնք գերեվարվել են 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին կամ դրանից հետո զինված բախումների ժամանակ։ Մինչ այդ Ադրբեջանը պետք է նրանց հետ վարվի ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի պարտավորությունների շրջանակում։
Ադրբեջանը պետք է զերծ մնա հայերի նկատմամբ ազգային հողի վրա ատելություն սերմանող արտահայտություններից, այդ թվում՝ դադարեցնի այսպես կոչված «ռազմական ավարների այգու» գործողությունը։ Բաքուն պետք է ապահովի հայերի կողմից վերահսկվող տարածքում մշակութային հուշարձաններ (վանքեր, հուշարձաններ և այլն) այցելելու հնարավորությունը, ինչպես նաև իրական միջոցներ ձեռնարկի այդ հուշարձանների պահպանման համար:
Բաքուն էլ սեպտեմբերի 24-ին հայց էր ներկայացրել, որում պնդում է, թե իբր Հայաստանը մի շարք խտրական գործողություններ է իրականացրել և իրականացնում ադրբեջանցիների դեմ՝ նրանց ազգային և էթնիկ ծագման հիման վրա:
Այսօր` դեկտեմբերի` 7-ին, դատարանը հրապարակեց իր որոշումը և Ադրբեջանից պահանջեց դադարեցնել հայերի նկատմամբ ռասայական ատելության հրահրումը։
Միջազգային դատարանը նույն պահանջը ներկայացրեց նաև Հայաստանին և կողմերին կոչ արեց ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է իրավիճակի վատթարացման հանգեցնել։