ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ազգային ժողովում այսօր երդում տվեց «Հայաստան» խմբակցության նոր պատգամավոր, ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը` Ասպրամ Կրպեյանը:
«Հանուն համազգային նպատակների իրագործման, հանուն ազատ, անկախ և միացյալ Հայաստանի, երդվում եմ. հավատարիմ մնալ հորս` ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դավանած սկզբունքներին և բացառիկ անմնացորդ նվիրումին` առ հայրենիք»,– նշեց Ասպրամ Կրպեյանը։
Նա երդվեց նաև կատարել 2020 թվականի նոյեմբերի 10-ի լուսադեմին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տված երդումը` հանուն պատմական արդարության, համազգային միասնության և արժանապատվության վերականգնման։
Պատգամավորը եզրափակեց՝ չկա Հայաստան առանց Արցախ ու չկա Արցախ առանց Հայաստան և հայտարարեց, որ հավերժական Հայաստան լինելու է։
Հիշեցնենք, որ Կրպեյանը խորհրդարանում փոխարինել է Դավիթ Սեդրակյանին, որը հոկտեմբերի 22-ին վայր էր դրել պատգամավորական մանդատը։
Նշենք, որ որ «Հայաստան» դաշինքն ԱԺ-ում ներկայացված է 29 պատգամավորով։