ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Սահմանազատման թեմայով Հայաստանի իշխանությունը բացահայտ գաղտնի գործընթաց է տանում։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
«Իշխանությունը մեզանից գաղտնի է պահում, թե ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Սոչիում, ինչո՞ւ է ձախողվել բանակցությունը փոխվարչապետների մակարդակով։ Ամեն ինչի մասին մենք տարբեր ինֆորմացիաներ ենք ստանում կուլիսներից, սակայն ցանկալի կլիներ, որ իշխանությունը բացահայտեր այս ամենը»,–ասաց պատգամավորը։
Նրա խոսքով` ակնհայտ է, որ այս իշխանությունների պարագայում ամեն օր մենք նոր շոկ ենք ապրելու։ Թևանյանը նշեց` հերթական շոկը երեկ էր, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթում Հայաստանից պահանջել էր ասել այն օրը, թե երբ է բացվելու «Զանգեզուրի միջանցքը»` սպառնալով հակառակ դեպքում դիմել համապատասխան քայլերի։
Ըստ ընդդիմադիր պատգամավորի` ստացվում է, որ իշխանությունները կա՛մ նոր պատերազմ են բերելու, կա՛մ սահմանազատման են գնալու ոչ մեր անվտանգությանը նպաստող տարբերակով։ Թևանյանը նշում է` պատերազմից հետո մեր դիրքերը թուլացել են, և «Զանգեզուրի միջանցք» չի տրվում թշնամուն, ոչ որովհետև մենք ենք դրան խոչընդոտում, այլ ՀՀ-ն գոյությունը պահպանվում է արտաքին գործոնների շնորհիվ։ Մասնավորապես, խոսքը ՌԴ–ի և Իրանի մասին է, որոնք երկուսն էլ դեմ են դրան։
Հարցին, թե ընդդիմությունն իր ունեցած գործիքակազմով կարո՞ղ է որևէ բան կանխել` Թևանյանը պատասխանեց, որ իրենց բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն իշխանափոխությանը, ինչի հետ կապված էլ որոշակի քայլեր են իրականացնում։
«Քանի դեռ իշխանափոխություն չի եղել, կարելի է ասել, որ մեր աշխատանքներն այնքան էլ արդյունավետ չեն։ Մեր մոտեցման մեջ վերանայումներ եղել են, ինչի արդյունքն էլ 2 օր առաջ տեսանք` ՏԻՄ ընտրությունների ժամանակ»,–ասաց Թևանյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ տեղի ունեցան, որի արդյունքներով գործող իշխանության թեկնածուները 36 համայնքներից միայն 16-ում հաղթեցին։