ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ և Թալին խոշորացված համայնքներում, Արմավիրի մարզի Արաքս, Արմավիր, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Փարաքար խոշորացված համայնքներում, Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքում, ինչպես նաև Վայոց Ձորի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ խոշորացված համայնքներում դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ ստացվել է 20 հաղորդում և ահազանգ:
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ դրանցից 2-ը վերաբերում է քարոզարշավի ընթացքին, 18-ը՝ բուն քվեարկության գործընթացին: Նշված 20 հաղորդում-ահազանգերից 10-ը ստացվել են ֆիզիկական անձանցից, այդ թվում՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահներից, 1-ը՝ սոցիալական ցանցերում օգտատիրոջ կողմից կատարված գրառում է, 6-ը՝ ԶԼՄ հրապարակումներ, իսկ 3-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներ:
• 1-ը վերաբերել է ենթադրաբար ընտրակաշառք տալուն, ստանալուն կամ ընտրակաշառքի միջնորդությանը,
• 1-ը՝ նախընտրական պաստառի առերևույթ վնասմանը,
• 1-ը՝ բաց քվեարկության միջոցով առերևույթ քվեարկության գաղտնիությունը խախտելուն,
• 3-ը՝ ընտրական հանձնաժողովի անդամների, ընտրություններին մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանն առերևույթ խոչընդոտելուն,
• 1-ը՝ ընտրատեղամասին հարող տարածքում բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքներ հնչեցնելուն,
• 8-ը՝ տարբեր համայնքների տարբեր ընտրատեղամասերում առերևույթ կրկնաքվեարկության փորձեր կատարելուն,
• 3-ը՝ ընտրողների ուղղորդման միջոցով առերևույթ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն,
• 1-ը՝ վարչական ռեսուրսի կիրառմանը,
• 1-ը՝ այլ բնույթի:
Հաղորդումներից 2-ը թողնվել են անհետևանք, քանի որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ներկայացված տվյալները չեն հաստատվել: 9-ի պարագայում ստուգողական գործողություններն ընթացքի մեջ են: 11 հաղորդում ուղարկվել են ոստիկանության կամ քննչական մարմիններ՝ նյութեր նախապատրաստելու, իրավական գնահատականի արժանացնելու հանձնարարությամբ:
Միայն մեկ 1 դեպքով՝ կապված Եղեգնաձոր խոշորացված համայնքում դեռևս նախընտրական փուլում ընտրակաշառք տրամադրելու դեպքով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում դեկտեմբերի 2-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2—դ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Իրականացվում է նախաքննություն:
Հիշեցնենք` երեկ ՏԻՄ ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի 36 համայնքում ։
Հավելենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 42.48 տոկոսը։ 1 մլն 112 հազար396 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 472 528 քաղաքացի։