Շիրինյանի դեմ ոստիկան է ցուցմունք տվել. պաշտպանն արդար դատաքննության հույս ունի

Բենիկ Գալստյան
Սայաթ Շիրինյանի պաշտպանը կարծում է, որ դատական արդար ակտ կլինի` հաշվի առնելով դատավորի անձը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Ոստիկանության պահեստազորի գնդապետ Սայաթ Շիրինյանի դեմ քրգործ է հարուցվել մեկ անձի` ոստիկանության բաժիններից մեկի պետի ցուցմունքի հիման վրա, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Շիրինյանի փաստաբան Բենիկ Գալստյանը։

«Շիրինյանի դեպքում գործ ունենք դասական քաղաքական հետապնդման հետ։ Ոստիկանության աշխատակիցը ցուցմունք է տվել, որ Շիրինյանը Facebook-ում ինչ–որ մեկնաբանություն է թողել։ Իրավաբանության հետ որոշակի առնչություն ունեցող մարդիկ հասկանում են, որ ոստիկանության աշխատակիցը, որը նույն վարույթի շրջանակներում իրականացնում է իր լիազորությունները, առնվազն իրավասու չէ հարցաքննվել և ցուցմունք տալ գործում որպես վկա»,–ասաց փաստաբանը։

Նրա խոսքով` այդ մեկ անձի ցուցմունքի հիման վրա էլ Շիրինյանի դեմ հարուցված քրգործը գտնվում է դատարանում։ Սակայն պաշտպանը հույս ունի, որ արդար դատական ակտ կլինի` հաշվի առնելով դատավորի անձը։
Գալստյանի կարծիքով` քաղաքական հետապնդումները ժամանակի ընթացքում կսկսեն տարածվել նաև հասարակ քաղաքացիների վրա։
Հիշեցնենք, որ Շիրինյանի գործով դատավորը Տաթևիկ Գրիգորյանն է։ Ոստիկանության պահեստազորի գնդապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը):
Համատարած կալանավորում են նրանց, ում քրգործերով իշխանությունը հետաքրքրված է. Ալեքսանյան
ՔԿ–ն 2020-ի դեկտեմբերի 23–ին հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ Շիրինյանը Facebook-ում բռնության կոչեր պարունակող գրառում է արել` ուղղված օգտատեր Սուսաննա Ավշարյանին։ «Սուսաննա Ավշարյան, եթե ես լինեի շարժումն առաջնորդողը, ապա վստահ եղեք, մենք կգնայինք կոնկրետ քայլերի, չնայած կազմակերպիչներին չեմ քննադատում, քանզի նրանք խուսափում են արյունահեղությունից: Բայց արդեն պարզից էլ պարզ է, որ առանց արյունահեղության հնարավոր չէ»,– գրել էր Շիրինյանը։
2020 թ–ի դեկտեմբերի 22-ին գրառման առնչությամբ քրեական գործ էր հարուցվել, և Շիրինյանը ձերբակալվել էր։ Անցյալ տարի դեկտեմբերի 25-ին դատարանը նրա ձերբակալումը ոչ իրավաչափ էր ճանաչել։