Ռուս խաղաղապահները սկսել են 400 հա տարածքի ականազերծումը Մարտակերտի շրջանում

Ամեն օր Մարտակերտի շրջանում՝ սահմանազատման գծի մոտակայքում, ռուս խաղաղապահները չպայթած զինամթերքի, արկերի, կրակոցների և ականների որոնման աշխատանքներ են իրականացնում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ քաղաքի տարածքը մաքրում են պայթունավտանգ առարկաներից և ականազերծում են քաղաքը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողները կատարում են բնակավայրերի և գյուղատնտեսական նշանակության հողերի ու անասունների արոտավայրերի համար նախատեսված հարակից տարածքների մաքրման խնդիրները:

«Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում սկսվել են գյուղատնտեսական նշանակության հողերի մարդասիրական ականազերծման աշխատանքները: Այսօր ականազերծվել է 1,5 հա տարածք, ընդհանուր առմամբ նախատեսված է մաքրել 400 հա տարածք, աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 2 պայթյունավտանգ առարկա»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Պյոտր Պարշիկովը։

2020թ․-ի նոյեմբերի 23-ից ի վեր ռուսական խաղաղապահ զորակազմի ինժեներասակրավորական խմբերը չպայթած զինամթերքից մաքրել են 2 322,1 հա տարածք, 683 կմ ճանապարհ, 1 937 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 26 078 պայթուցիկ առարկա:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: