Փրկել կյանքեր. Աբովյանում փրկարարները հայ-ռուսական վարժանքներ են անցկացրել

Փրկարարները հայ-ռուսական համատեղ վարժանքներ են անցկացրել
Հայաստանի և Ռուսաստանի ԱԻՆ ստորաբաժանումների վարժանքները Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցին նվիրված գիտագործնական համաժողովի մի մասն են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. Կոտայքի մարզի Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում այսօր կայացան երկրաշարժի հետևանքների վերացման միջազգային ցուցադրական վարժանքներ՝ ՌԴ և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների, Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի, Ռուս-սերբական մարդասիրական կենտրոնի, Հայկական Կարմիր խաչի և Իրանից ժամանած փրկարարների ուժերով և միջոցներով:
Վարժանքը կազմակերպվել էր «Սպիտակի երկրաշարժի պատմական փորձը. սեյսմիկ անվտանգության ժամանակակից տեխնոլոգիաներ» միջազգային գիտաժողովի շրջանակում։
Փրկարարները հայ-ռուսական համատեղ վարժանքներ են անցկացրել
Հումանիտար արձագանքման կենտրոնի զինափորձարանում մոդելավորվել է մի իրավիճակ, երբ շենքը մասնակի փլուզվել է, որի հետևանքով վերին հարկերի բնակիչների մի մասն արգելափակվել է: Ըստ սցենարի՝ փլուզման հետևանքով վնասվել է գազատարը, ինչը հանգեցրել է գազի արտահոսքի և հրդեհի բռնկման։ Պայթել է նաև ջրատար խողովակը, ինչն էլ իր հերթին հանգեցրել է շինությունների մի մասի հեղեղմանը։
Առաջինը դեպքի վայր են ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները՝ փրկարարական աշխատանքների առաջին փուլն անցկացնելու համար։ Առաջին փուլի մեջ մտնում է հետախուզությունը, արագ որոնումն ու փրկությունը: Այնուհետև նրանց է միանում Ռուսաստանի ԱԻՆ «Ցենտրոսպաս» ջոկատը, ավելի ուշ՝ իրանցի գործընկերները։ Համահավաք ստորաբաժանումներին հաջողվել է հաշված րոպեների ընթացքում մարել հրդեհը, փլատակների տակից դուրս բերել մարդկանց և տուժածներին ցուցաբերել առաջին բուժօգնություն՝ նրանց տեղափոխելով Հայկական Կարմիր խաչի և Ռուս-սերբական հումանիտար կենտրոնի ծավալված շարժական բժշկական կետեր:
Մեկնաբանելով զորավարժությունը՝ ՌԴ արտակարգ իրավիճակների փոխնախարար Նիկոլայ Գրեչուշկինը բարձր է գնահատել փրկարարների գործողությունները:
«Դուք ձեր գործողություններով ցույց տվեցիք, ինչպես է կարելի արագ վերացնել երկրաշարժի հետևանքները՝ նվազագույն կորուստներով ու մասնագիտական բարձր հմտություններով։ Կուզենայի, որ դուք ձեր գիտելիքները միայն վարժանքների ժամանակ կիրառեիք։ Բայց միշտ պետք է սովորել, կենտրոնը դրա համար էլ նախատեսված է», - նշեց ՌԴ արտակարգ իրավիճակների փոխնախարարը։
Փրկարարները հայ-ռուսական համատեղ վարժանքներ են անցկացրել
Իսկ լրագրողների հետ զրույցում Գրեչուշկինը կարևորեց Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի դերը անձնակազմի ուսուցման և ընդհանուր առմամբ տեխնածին ու տարերային աղետների դեմ պայքարում։ Նրա խոսքով՝ կենտրոնն ունի ամենաժամանակակից տեխնիկան, կան վթարափրկարարական, հրշեջ մեքենաներ, անօդաչու թռչող սարքեր, կվադրոցիկլներ: Կենտրոնում ուսուցում են անցնում ոչ միայն ռուս փրկարարները, այլև ՀՀ ԱԻՆ անձնակազմը:
Նիկոլայ Գրեչուշկինը
Գրեչուշկինը կարծում է, որ այսօրվա զորավարժությունների բարձր մակարդակը, փրկարարների գերազանց հմտությունը ներկայացնում է կենտրոնում ուսուցման որակը: