ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար, Արցախյան 3 պատերազմների մասնակից Աշոտ Մինասյանը կալանավորվել է 2020-ի նոյեմբերի 15-ին քննիչի ներկայացված միջնորդության հիման վրա։ Այսինքն` մեկ տարի հետո դատարանը որոշեց, որ քննիչը ճիշտ է։
Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց նրա փաստաբան Միհրան Պողոսյանը։
«Մեկ տարի առաջ քննիչն ասում էր, որ եթե Մինասյանն ազատության մեջ մնա, ապա կխոչընդոտի գործի քննությանը և հնարավոր է՝ նոր հանցավոր արարք կատարի։ Սակայն նա չկալանավորվեց, և մնում էր տեսնել` ժամանակի ընթացքում Մինասյանը խոչընդոտե՞ց քննությանը կամ էլ նոր հանցավոր արարք կատարե՞ց։ Եվ ահա, 1 տարի անց Վերաքննիչը որոշեց, որ քննիչը ճիշտ է»,–ասաց Պողոսյանը։
Նրա խոսքով` նման աբսուրդ իր պրակտիկայում չի հանդիպել, քանի որ ժամանակն արդեն իսկ ապացուցել էր, որ Մինասյանը որևէ նոր հանցանք չի կատարել և չի խոչընդոտել քննությանը։
Պողոսյանը նշեց, որ նախաքննության ժամանակ որևէ օբյեկտիվ ֆիլտր չի մնացել, որը կորոշի, թե գործով քննիչը կամ դատախազը ճի՞շտ է ասում։
Հարցն այն է, որ մինչդատական քրեական վարույթի գործերի դատավորների առանձնացում տեղի ունեցավ, այսինքն` կալանք տվողը դարձավ իշխանության սկզբանական որոշումը կայացնողը։ Դրանից հետո էլ, ըստ Պողոսյանի, իշխանությունը փոխեց Վերաքննիչի դատավորներին, որոնք պետք է վերահաստատեին այս գործողությունները։
«Այս օպերացիայի երկրորդ փուլն էր այն էր, որ գործերի մակագրման էլեկտրոնային համակարգը վերացվեց։ Իշխանությանը այն ձեռնտու չէր, քանի որ կարող էր պատահականության սկզբունքով որևէ քրգործ մակագրվեր մի դատավորի, որը պատրաստ չէր զանգի միջոցով «արդարադատություն» իրականացնել։ Եվ հիմա բոլոր գործերով, որոնց հանդեպ իշխանությունը հետաքրքրություն ունի, մակագրվելու է իրենց ենթակա դատավորներին»,–ասաց փաստաբանը։
Նա հավելեց նաև, որ երկու օր առաջ է հանդիպել Մինասյանին. տրամադրությունը բարձր էր։ Ըստ Պողոսյանի` Մինասյանն իր ազատությունը պատրաստ է ժամանակավորապես զիջել, բայց երբեք պատրաստ չէ զիջել հայրենիքը։ «Մենք պայքարելու ենք մինչև վերջ և ցույց ենք տալու այս գործի փուչիկ լինելը»,-ասաց Պողոսյանը։
Ի դեպ, այսօր Փաստաբանների օրն է և, ըստ Պողոսյանի, նշելով Հայաստանում փաստաբանության հիմնադրման 103-րդ տարին` ստիպված են ուղղորդված քաղաքական հետապնդումների մասին խոսել։
Հիշեցնենք, որ Մինասյանը կալանավորվել է դեկտեմբերի 1-ին, որոշումը կայացրել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանը։
Ավելի վաղ ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակիորեն բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազության բողոքը Մինասյանի խափանման միջոցը կալանքի փոխելու հիմքերի մասով նոր քննություն անցկացնելու համար։
Մինասյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության յուրացման նախապատրաստման, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի, մասնավորապես ՀՀ վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով նրա սպանության նախապատրաստման, այդ նպատակով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, ձեռք բերելու, պահելու հանցավոր արարքները կատարելու համար։
Ինչպես Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, այնպես էլ Վերաքննիչը մերժել էին Մինասյանին կալանավորելու միջնորդությունները: Մեղսագրվող բոլոր երեք հանցավոր արարքներին նրա առնչությունը հիմնավորված չէր համարվել, հիմնավոր կասկածի բացակայության պատճառաբանությամբ: