ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. 99 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին հանրապետական սենատոր և նախագահի թեկնածու Բոբ Դոուլը։ Տեղեկությունը հայտնել է նրա կնոջ՝ Էլիզաբեթ Դոուլի հիմնադրամը։ Մահվան պատճառը չի նշվում։
Այս տարվա փետրվարին Դոուլը հայտնել էր, որ իր մոտ թոքերի չարորակ ուռուցք է ախտորոշվել։ Հնարավոր է, որ հենց դա է մահվան պատճառ դարձել։
Նշենք, որ Դոուլին անվանում էին արդարության համար հայերի պայքարի «բացարձակ չեմպիոն»։ Իր ամբողջ կարիերայի ընթացքում նա պաշտպանել է հայերի շահերը։ Հենց նրա ջանքերով է Հայաստանում բացվել «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի գրասենյակը։ Նա նաև լոբբինգ էր անում Հայաստանին ԱՄՆ-ի մշտական տնտեսական գործընկերոջ կարգավիճակ տալու մասին ակտը։
Ամերիկացի քաղաքական գործիչը Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) բարձրագույն պարգևներ է ստացել Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարում երկարամյա աշխատանքի համար: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած ավանդի համար 2019 թ․-ին նրան պարգևատրել է Պատվո շքանշանով: