Հայտնել էինք, որ դեկտեմբերի 5-ին Հայաստանի 9 մարզի 36 համայնքներում ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Իրավապահ մարմիններն արձանագրել են, որ ՀՀ Կոտայքի մարզում (Ծաղկաձոր, Հրազդան, Նաիրի, Աբովյան, Նոր Հաճն, Գառնի խոշորացված համայնքներ) առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործությունների մասին ստացվել է 12 հաղորդում-ահազանգ:
Բոլոր դեպքերը վերաբերել են քվեարկության գործընթացին, դրանցից 3-ը ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում վեր հանված ԶԼՄ հրապարակումներ են, 8-ը՝ հաղորդումներ, որոնք տրվել են ֆիզիկական անձանց կողմից, այդ թվում բացարձակ մեծամասնությունը՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահներ, իսկ 1-ը՝ սոցիալական ցանցում կատարված և մշտադիտարկմամբ վեր հանված գրառում օգտատիրոջ կողմից:
«Ստացված 12 հաղորդումներից և ահազանգերից, ԶԼՄ հրապարակումներից 1-ը վերաբերում է Աբովյան խոշորացված համայնքում առերևույթ ընտրակաշառք տալուն, ստանալուն, 3-ը՝ Աբովյան և Հրազդան համայնքներում ընտրողների ուղղորդման միջոցով առերևույթ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ընտրախախտումներից 1-ական դեպքն էլ վերաբերում է Աբովյան խոշորացված համայնքում վարչական ռեսուրսների օգտագործմանը և տեղամասային կենտրոնին հարակից հատվածում բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելուն։ 6-ը առնչվում են Աբովյան, Հրազդան խոշորացված համայնքում, տարբեր ընտրատեղամասերում առերևույթ կրկնաքվեարկության փորձեր կատարելուն, 1-ը՝ Աբովյան խոշորացված համայնքում:
Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ վերացական և ընդհանրական բնույթի 3 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից նախաձեռնվել են ստուգողական գործողություններ: Իսկ հաղորդումներից 9-ի դեպքում Կոտայքի մարզի դատախազության հանձնարարությամբ ոստիկանության և ՔԿ մարզային բաժիններում սկսվել է նյութերի նախապատրաստման գործընթաց։
ՀՀ Արարատի մարզում էլ (Արտաշատ, Մասիս, Վեդի և Արարատ խոշորացված համայնքներ) առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործությունների մասին նույնպես ստացվել է 12 հաղորդում և ահազանգ, որոնք վերաբերում են քվեարկության գործընթացին:
Դրանցից 6-ը ԶԼՄ հրապարակումներն են, 3-ը՝ ֆիզիկական անձանց կողմից տրված հաղորդումները, իսկ 3-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռք բերված օպերատիվ տվյալներ:
«Ստացված հաղորդումներից և ահազանգերից 2-ը վերաբերում է Մասիս խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերում առերևույթ ընտրակաշառք տալուն, ստանալուն կամ ընտրակաշառքի միջնորդությանը, 2-ը՝ Արտաշատ և Մասիս խոշորացված համայքններում ընտրողների ուղղորդման միջոցով առերևույթ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, 1-ը Արարատ խոշորացված համայնքում լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելուն»,– հայտնում են դատախազությունից։
Դեպքերից 2-ն առնչվում է Մասիս խոշորացված համայնքում տարբեր ընտրատեղամասերում առերևույթ կրկնաքվեարկության փորձեր կատարելուն, իսկ 5-ը եղել է այլ բնույթի: Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ վերացական և ընդհանրական բնույթի 8 հաղորդման առնչությամբ ՀՀ ոստիկանության կողմից նախաձեռնվել են անհրաժեշտ գործողություններ: Հաղորդումներից մյուս 4-ի կապակցությամբ մարզի դատախազության հանձնարարությամբ հետաքննության կամ նախաքննության մարմիններում նախաձեռնվել է նյութերի նախապատրաստման գործընթաց, որն ընթացքի մեջ է:
Հավելենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 42.48 տոկոսը։ 1 մլն 112 հազար 396 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 472 528 քաղաքացի։