ՀՀ նախագահը Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցին հրավիրել է մասնակցելու մեր նախագծերին

Արմեն Սարգսյանը ողջունել է Հայաստանի հետ համագործակցության զարգացման մտադրությունները՝ կարևորելով ոչ միայն մասնավոր, այլև պետական հատվածի հետ համատեղ ծրագրերի իրականացումը:
Sputnik
Հայաստանի հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի ռեկտոր, պրոֆեսոր Յուրի Լևինին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթական, տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության հարցեր:
«Սկոլկովո» կառավարման դպրոցի ռեկտորը նախագահ Սարգսյանին է ներկայացրել հայաստանցի գործընկերների հետ համագործակցության ծրագրերը, ինչպես նաև դպրոցի գործունեության ուղղությունները, որոնք ընդգրկում են նաև թվային տրանսֆորմացիաների, արհեստական բանականության, տեխնոլոգիական ու կայուն զարգացման ոլորտները:
Նախագահ Սարգսյանը ողջունել է Հայաստանի հետ համագործակցության զարգացման մտադրությունները՝ կարևորելով ոչ միայն մասնավոր, այլև պետական հատվածի հետ համատեղ ծրագրերի իրականացումը:
Արմեն Սարգսյանն այցելել է Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոց
Մասնավորապես, մտքեր են փոխանակվել Հայաստանի գիտակրթական և տեխնոլոգիական զարգացմանն ուղղված՝ նախագահական ATOM (Advanced tomorrow) նախաձեռնության, ինչպես նաև Հանրապետության նախագահի աշխատակազմի հետ փոխգործակցության հնարավորությունների շուրջ:
Նախագահ Սարգսյանը «Սկոլկովո» կառավարման դպրոցի ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցել ամենամյա «Մտքերի հայկական գագաթնաժողովին» և գալիք տարի Հայաստանում անցկացվելիք` գիտության և արվեստի STARMUS 6-րդ փառատոնին: