Երևանի ամենատարեց ծառերը անձնագրեր կունենան. մասնագետներն արդեն գործի են անցել

Առաջին անձնագրերն արդեն պատրաստ են. բժշկական համալսարանի հարևանությամբ աճող, Կարմիր գրքում գրանցված արևելյան սոսիներինն են:
Sputnik
Երևանի փողոցների և այգիների բոլոր ամենատարեց ծառերը, որոնք ավելի քան 100 տարեկան են, անձնագրեր կունենան։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։ Թե քանի ծառ կա քաղաքում, քանի տարեկան են դրանք, ինչ վիճակում՝ մինչև օրս տվյալներ չեն եղել:
«Երևանը մինչև այսօր նման ռեեստր չի ունեցել, և մենք ուզում ենք այն ստեղծել»,- նշել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը:
Նշենք, որ աշխատանքները սկսվել են դեռ նախորդ տարի` Կենտրոն համայնքից, և առաջիկա օրերին հաշվառումն այդ հատվածում կավարտվի։ Զուգահեռաբար աշխատանքներ են ընթանում նաև քաղաքի անտառապուրակներում:
Օղակաձև զբոսայգու մի հատվածի հիմնանորոգումն ավարտված է. Երևանի քաղաքապետի տեսանյութը
Կանաչ գոտիների գույքագրումից հետո յուրաքանչյուր ծառ կունենա իր առանձին քարտը, ամենատարեցները՝ նաև անձնագիր:
Առաջին անձնագրերն արդեն պատրաստ են. բժշկական համալսարանի հարևանությամբ աճող, Կարմիր գրքում գրանցված արևելյան սոսիներինն են: Անձնագրերում նշվում է տարիքը, բնի տրամագիծը, սաղարթի չափը, սրսկումները և այլն։
Ծառերի գույքագրումն ամբողջությամբ ավարտելու համար 4-5 տարի կպահանջվի։