ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Միացյալ Նահանգները Չինաստանում օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտ կկազմակերպի «մարդու իրավունքների խախտման» պատճառով: RT-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին։
Միաժամանակ, Փսաքիի խոսքով, ամերիկացի մարզիկները կմասնակցեն առաջիկա օլիմպիադային:
«Բայդենի վարչակազմը դիվանագետներ ու պաշտոնական ներկայացուցիչներ չի ուղարկի Պեկինում կայանալիք 2022 թվականի օլիմպիադային»,-ընդգծել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը:
Ավելի վաղ Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել ուռճացնել Պեկինում ձմեռային օլիմպիական խաղերի «բոյկոտի թեման», զերծ մնալ սպորտի քաղաքականացումից ու լրջորեն վերաբերվել Չինաստանի անհանգստությանը։ Պեկինում ասել են, որ հակառակ դեպքում վճռական քայլեր կարվեն։
Նշենք, որ 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը Պեկինում կանցկացվեն փետրվարի 4-ից 20-ը։
Հիշեցնենք, որ վերջին անգամ ԱՄՆ-ն ամբողջությամբ բոյկոտել է 1980 թվականի օլիմպիական խաղերը Մոսկվայում, երբ ԱՄՆ իշխանության ղեկին նախագահ Ջիմի Քարթերն էր: