Լոռու խոշորացված համայնքների ՏԻՄ ընտրություններում 6 ընտրախախտում է գրանցվել

Ամենաշատ խախտումն առնչվում է կրկնակի քվեարկության փորձին։ Եղել է նաև քվեարկված քվեաթերթիկները պատռելու դեպք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Լոռու մարզի խոշորացված համայնքների ՏԻՄ ընտրություններում առերևույթ հանցավոր 6 ընտրախախտում է գրանցվել, որոնց առնչությամբ նյութեր են նախապատրաստվում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը։
Հայտնել էինք, որ դեկտեմբերի 5-ին Հայաստանի 9 մարզի 36 համայնքներում ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Իրավապահներն արձանագրել են առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործությունների վերաբերյալ 6 հաղորդում կամ ահազանգ, որոնք բոլորն էլ ստացվել են ֆիզիկական անձանցից, այդ թվում նաև տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներից, ՀԿ ներկայացուցիչներից։
«Ստացված հաղորդումներից և ահազանգերից 4-ը վերաբերում է կրկնակի քվեարկության փորձին, որոնցից մեկն արձանագրվել է Թումանյան, 3-ը՝ Սպիտակ խոշորացված համայնքների ընտրություններում։ Մեկ դեպք էլ Սպիտակ խոշորացված համայնքի ընտրատեղամասերից մեկում ընտրողների քվեարկված քվեաթերթիկները պատռելու միջոցով ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն է առնչվում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ևս մեկ դեպք էլ վերաբերում է Սպիտակի խոշորացված համայնքի ընտրություններում անձի կողմից իր կատարած քվեարկությունը լուսանկարելու միջոցով առերևույթ քվեարկության գաղտնիությունը խախտելուն:
Մարզի դատախազության հանձնարարությամբ ընդհանուր 6 հաղորդումներից 5-ն ուղարկվել է նախաքննության մարմին, իսկ 1-ը՝ հետաքննության մարմին՝ սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով:
Նշվում է նաև, որ ընտրարշավի ընթացքում Լոռու խոշորացված համայնքների ընտրությունների հետ կապված առերևույթ ընտրական հանցագործության վերաբերյալ հաղորդում-ահազանգեր չեն ստացվել։