ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Չարենցավանում 89-ամյա Ռոզա Գյուլումյանին ծեծելով և այրելու միջոցով սպանել է 36-ամյա թոռնուհին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Նա ներկայացել է Չարենցավանի քննչական բաժին և կատարվածի վերաբերյալ տվել խոստովանական ցուցմունք»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 3-ին Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասի 10-րդ շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբի ծառայողները պարզել են ծխացող բնակարանում բնակվող անձանց ինքնությունը։ Հրդեհը մարելուց հետո բնակարանի հյուրասենյակի հատակին, այրված և ծխահարված վիճակում, հայտնաբերվել է 89-ամյա Ռոզա Գյուլումյանի դիակը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ 36-ամյա կինը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն: