Ստոկհոլմում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում տեղի չի ունեցել. ԱԳՆ խոսնակ

Վահան Հունանյան
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպում տեղի չի ունեցել։ Տեղեկությունը «Արմենպրեսին» է հայտնել Հայաստանի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

«Ընդգծեմ, որ հայկական կողմը երբեք չի խուսափել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում հանդիպումներից»,– ասել է նա։

Հիշեցնենք` դեկտեմբերի 1-3-ը Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել էր Ստոկհոլմ` մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին։Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ստոկհոլմում բացառված չէ։
Վերջին անգամ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել են նոյեմբերի 11–ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։
Երեկ հայտնի դարձավ, որ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և խոսել ԼՂ հակամարտության մասին։