ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզի Բրատսկ քաղաքում տեղի է ունեցել խաչքարի բացում ու օծում։ Խաչքարը տեղադրվել է Քրիստոսի Սուրբ Ծննդյան եկեղեցու մոտ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը։
Ռուսաստանի Բրատսկ քաղաքում հայկական խաչքար է տեղադրվել և օծվել
© Photo : пресс-служба мэрии Братска
Նշվում է, որ միջոցառմանը ներկա են եղել դեսպանատան խորհրդական Էդվարդ Ջամբազյանը, Բրատսկի քաղաքապետ Սերգեյ Սերեբրեննիկովը, քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչներ, Հայ առաքելական եկեղեցու և Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորականներ։
Ռուսաստանի Բրատսկ քաղաքում հայկական խաչքար է տեղադրվել և օծվել
© Photo : пресс-служба мэрии Братска
Խաչքարը քաղաքում կանգնեցվել է Բրատսկի հայ համայնքի ներկայացուցիչ, ձեռներեց, բարերար Արմեն Դավթյանի նախաձեռնությամբ։ Խաչը վարդագույն տուֆից է, բարձրությունը` ավելի քան 3,5 մ, հուշարձանը պատրաստվել է Գյումրի քաղաքում։
Հայկական պատվիրակությունն առանձին հանդիպում է ունեցել քաղաքապետ Սերգեյ Սերեբրեննիկովի հետ։ Հանդիպման ընթացքում դեսպանության խորհրդական Էդվարդ Ջամբազյանը նշել է Բրատսկում հայկական խաչքար տեղադրելու կարևորությունը և շնորհակալություն հայտնել քաղաքի ղեկավարությանը հուշարձանի տեղադրման գործում ցուցաբերած աջակցության համար։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա հնարավոր համագործակցությունը, մասնավորապես, տնտեսության, կրթության և զբոսաշրջության ոլորտներում։ Հանդիպման շրջանակում Բրատսկի վարչակազմը քաղաքի հայ համայնքի ղեկավար Ռոբերտ Մխիթարյանին և բարերար Արմեն Դավթյանին շնորհակալագրեր է հանձնել։