Հայաստան վերադարձած հայ գերիների առաջին կադրերը. տեսանյութ

Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է, թե ինչպես են գերիներն իջնում ինքնաթիռից և նստում մեքենա։
Sputnik
աԱդրբեջանի փոխանցած 10 հայ գերիներն արդեն Երևանում են։ Անունները ստուգելուց հետո նրանց տեղափոխեցին բժշկական կենտրոն:
Գերիներին հայրենիք է տեղափոխել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովը։
Օդանավակայանում դիմավորողների թվում էին Հայաստանում Ռուսաստանի դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչարբակովը և Հայաստանի ու Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը։
Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանն այսօր Հայաստանին է փոխանցել նոյեմբերի 16-ին սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված 10 հայ զինվորականի։
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության պետի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը Facebook–ի իր էջում գրեց, որ Ռուստամ Մուրադովը Բաքու է մեկնել հույժ գաղտնի պայմաններում, անգամ գերիների վերադարձի մասին տեղեկությունները մինչև վերջին պահը գաղտնի են պահվել։
Ավելի ուշ հայտնի դարձան նաև Հայաստան վերադարձող գերիների անունները` Երիմյան Նարեկ Վոլոդյայի, Առաքելյան Արայիկ Արշալույսի, Ամիրխանյան Սերժիկ Սամսոնի, Հակոբյան Գևորգ Արայիկի, Նալբանդյան Ռոբերտ Մամիկոնի, Սարգսյան Հարութ Արամայիսի, Մանասյան Արտյոմ Սուրենի, Ավետիսյան Էրիկ Հունանի, Թևոսյան Արման Արթուրի, Հակոբյան Տիգրան Արմենի։