ԵԱՀԿ Մինսկի խումբը ցավում է, որ Միրզոյանն ու Բայրամովը չեն հանդիպել

Իգոր խովաևն ու Արարատ Միրզոյանը, արխիվային լուսանկար
Համանախագահները ափսոսանք են հայտնում, որ Ստոկհոլմում հնարավոր չի եղել իրենց հովանու ներքո անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Իգոր Խովաևը (Ռուսաստան) և Բրիս Ռոքֆեյլը (Ֆրանսիա) հայտարարություն են տարածել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ առանձին հանդիպումներից հետո։ Հանդիպումներին մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։

Համանախագահները ցավում են, որ Ստոկհոլմում հնարավոր չի եղել իրենց հովանու ներքո անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպում։ Նրանք պատրաստ են նման հանդիպում անցկացնել՝ շարունակելով սեպտեմբերին Նյու Յորքում և նոյեմբերին Փարիզում սկսված քննարկումները։

Նշենք, որ դեկտեմբերի 1-ին ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Լյուկ Պիեր Դևինը հայտնել էր, որ դեկտեմբերի 2-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Նա նշել էր, որ հանդիպումը տեղի կունենա ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում:
Այսօր արդեն ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտնեց, որ նման հանդիպում տեղի չի ունեցել։
Երեկ հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 1-ին Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և վերահաստատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում արցախյան խնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը։
Նշենք, որ Արարատ Միրզոյանը Շվեդիա էր մեկնել` մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին։