ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Covid-19-ի համավարակը կարող է «կառավարման ակտիվ միջոցառումներ» պահանջել ևս հինգ տարվա ընթացքում։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին ասվում է Մեծ Բրիտանիայի իշխանությունների արտակարգ իրավիճակների հարցերով խորհրդականների կառավարական խմբի (SAGE) հրապարակած փաստաթղթերում։
«SARS-CoV-2-ն առնվազն մոտակա հինգ տարում առաջվա պես վտանգ է ներկայացնելու առողջապահական համակարգի գործունեության համար և կառավարման ակտիվ միջոցներ է պահանջելու, որոնցից առանցքայինը պատվաստումն է ու համաճարակաբանական վերահսկողությունը»,-նշվում է հայտարարության մեջ։
Բացի այդ, փորձագետները նշում են, որ առայժմ հայտնի չեն պահանջվող պատվաստումների, ինչպես նաև այլ միջոցառումների (թեստավորում, օդափոխություն, հիվանդների մեկուսացում և այլն) մասշտաբները առաջիկա 5-10 տարիների ընթացքում, քանի որ դա կախված կլինի պատվաստանյութերի արդյունավետության ժամկետներից ու բնույթից, նաև կրկնավարակից հետո իմունիտետի գործողության տևողությունից, ինչպես նաև վիրուսի շարունակական էվոլյուցիայից:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոյեմբերի վերջին արտահերթ նիստի արդյունքում որոշել է ՀԱՀ-ում հայտնաբերված կորոնավիրուսի նոր տարբերակը դասակարգել որպես անհանգստություն առաջացնող: Նոր՝ B.1.1.529 մանրէահիմքը, ԱՀԿ-ն անվանել է հունական «Օմիկրոն» տառով։