Ռուսական խաղաղապահ առաքելության ծառայողներն ապահովել են անվտանգությունը ԼՂ հեռավոր շրջաններում գտնվող տարածքներում խաղողի այգիների վերատնկման ընթացքում: Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ասկերանի բնակիչները դիմել են ռուսական խաղաղապահ առաքելությանը` խնդրելով ապահովել իրենց անվտանգությունը սահմանային հատվածում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս»,- հայտնել է ռուսական խաղաղապահ առաքելության ներկայացուցիչ Ալեքսեյ Զայցևը:
Աշխատանքները սկսվել են այն բանից հետո, երբ խաղաղապահները տարածքը մաքրել են պայթյունավտանգ առարկաներից ու չպայթած զինամթերքից։
«80 թվից ապրում եմ ԼՂ-ում: 20 տարի աշխատում եմ այս կողմերում, նռան ու խաղողի այգիներում: Պատերազմից հետո չէինք կարողանում աշխատել: Խաղաղապահները եկան, մեզ օգնեցին, ու մենք նորից կարող ենք աշխատել: Եթե խաղաղապահները չլինեին, մենք մեր իսկ հողում չէինք կարողանա աշխատել: Մեր անվտանգությունն իրենք են ապահովում. առանց նրանց չէինք կարող աշխատել»,- ասել է տեղի բնակիչ Աիդա Գրիգորյանը:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: