«Նման է, շատ նման». Ռոստովում բացվել է մարշալ Բաղրամյանի արձանը

Մարշալ Բաղրամյանը
Առավելագույն նմանություն հնարավոր է եղել ստանալ հրամանատարի հարազատների կողմից քանդակագործին տրամադրած բազմաթիվ լուսանկարների շնորհիվ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Խորհրդային Միության մարշալ Հովհաննես (Իվան) Բաղրամյանի կիսանդրին է բացվել դեկտեմբերի 2-ին` նրա ծննդյան օրը, Դոնի Ռոստովի №22 դպրոցի տարածքում։ Սա Ռոստովում Հովհաննես Բաղրամյանին նվիրված երկրորդ արձանն է։
Հուշարձանի բացման արարողությանը ելույթ ունենալիս` քաղաքապետ Ալեքսեյ Լոգվինենկոն նշել է, որ այս տարի Դոնի Ռոստովում բացվել է 1434 աշակերտի համար նախատեսված ամենամեծ №22 դպրոցը, և այն անվանվել է մարշալ Բաղրամյանի պատվին։
«Կցանկանայի, որ դպրոցականները գային այստեղ, ծաղիկներ խոնարհեին, որպեսզի նրանք ևս իրական հայրենասերներ մեծանան, ինչպիսին էր Հովհաննես Խրիստոֆորովիչը», – ասել է հրամանատարի թոռ Իվան Բաղրամյանը։
Անհայտ մարշալ Հովհաննես Բաղրամյանը
Կիսանդրու վրա աշխատել է Ներսես Կիրակոսյանը։ Հերոսի կերպարը ճիշտ վերարտադրելու համար հարկ էր բազմաթիվ լուսանկարներ ուսումնասիրել Բաղրամյանի հարազատների անձնական արխիվից։
«Ինձ համար ամենակարևոր գնահատականն այն է, որ արձանը հավանել են նրա հարազատները։ Միայն դրական արձագանքներ են եղել։ Այսինքն` նա նրանց պապն է, և նրանք ասում են. նման է, շատ նման», – «Дон24» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է Կիրակոսյանը։
Միջոցառման շրջանակում լավագույն աշակերտներն ընդգրկվեցին «Յունարմիայի» շարքերը։ Հյուրերն այցելեցին դպրոցի թանգարան, որը նույնպես կրում է Բաղրամյանի անունը։ Ցուցասրահը համալրվեց գրքերով, որոնք թանգարանին փոխանցեց մարշալի թոռը։
Ականավոր զորահրամանատարը Խորհրդային Միության կրկնակի հերոս է դարձել։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նա եղել է Մերձբալթյան 1-ին և Բելառուսի 3-րդ ռազմաճակատների հրամանատարը։ Հենց Բաղրամյանն է 1941 թվականին մշակել Ռոստովի հարձակողական օպերացիայի` այդ պատերազմում Կարմիր բանակի առաջին հաջող գրոհներից մեկի ծրագիրը։
Հովհաննես Բաղրամյանը մարշալի կոչումը ստացել է 1955 թվականին։ 1962 թվականին Կարիբյան ճգնաժամի ժամանակ Բաղրամյանը, լինելով ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար, ղեկավարել է Կուբայում զորքերի խորհրդային խմբին տեղ հասցնելու և տեղակայելու գործողությունները։