Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և խոսել ԼՂ հակամարտության մասին

Արարատ Միրզոյան. Արխիվային լուսանկար
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հետ զրույցում Միրզոյանն անդրադարձել է նաև հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ վերադարձի խնդրին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Ստոկհոլմում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Իգոր Խովաևի (Ռուսաստան) և Բրիս Ռոքֆոյի (Ֆրանսիա) հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։ Ինչպես հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպումը կայացել է դեկտեմբերի 1–ին։
Զրույցի ընթացքում ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի ներքո խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք ծավալման կարևորությունը։
Արարատ Միրզոյանն անընդունելի է համարել Ադրբեջանի ղեկավարության շարունակական ռազմատենչ հռետորաբանությունը և ագրեսիվ գործողությունները։ Այդ համատեքստում ԱԳ նախարարը կարևորել է Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղղությամբ կոնկրետ քայլերի ձեռնարկումը։
Արցախի հայերի դեմ հարձակումները համակարգային են. ՀՀ ԱԳՆ–ն` Ճարտարի բնակչի սպանության մասին
Նախարարն անհրաժեշտ է համարել նաև հումանիտար խնդիրների անհապաղ լուծումը, մասնավորապես ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ վերադարձը, բռնի անհետացման դեպքերի բացահայտումը, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանությունը։
Հայկական կողմը վերահաստատել է իր հավատարմությունը՝ շարունակելու աշխատանքները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ լուծման ուղղությամբ՝ կողմերին հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա։
Նշենք, որ այսօր ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովի շրջանակում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ և ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։