Էռնան, հաղթող ճանաչվելով ռուսական «Пятница» հեռուստաալիքով հեռարձակվող «Кондитер» հեռուստաշոուի 6-րդ եթերաշրջանում, անցել է սուպեր եզրափակիչ։ Առաջին փուլում Էռնան փորձագետներին հիացրեց հայ չեմպիոններին նվիրված իր տորթով՝ անցնելով եզրափակիչ փուլ. թեման նվիրված էր օլիմպիական խաղերին, ու հրուշակագործների խնդիրը կարճ ժամանակում այնպիսի տորթ պատրաստելն էր, որի վրա կլիներ օլիմպիական չեմպիոն Նիկիտա Նագորնիի պատկերը։
Հրուշակագործ Էռնա Մուրադյանը
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրեցի երիտասարդ հրուշակագործը հանդիսատեսին հիացրեց նաև Հայաստանն ու Գյումրին գեղեցիկ ներկայացնելով: Ի դեպ, սա այն եզակի դեպքերից է, երբ հաղորդման մասնակիցը ՌԴ քաղաքացի չէ, Ռուսաստանում երբևէ չի բնակվել:
Ունենալով հայկական կրթություն՝ Էռնան փայլուն ռուսերենով ներկայացրեց գյումրեցի օլիմպիական չեմպիոնների հավաքական կերպարը:
Մինչ հաղորդմանը հրավիրելը սոցիալական ցանցերում հաղորդման հեղինակները ծանոթացել էին Էռնայի աշխատանքներին։ Հաղորդմանը մասնակցելու գաղափարը Մոսկվայում բնակվող նրա ազգականներինն էր, իսկ քաջալերում ու «հրահրում» էին ընտանիքի բոլոր անդամները:
Հրուշակագործ Էռնա Մուրադյանի աշխատանքներից
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Թեև մասնագիտությամբ լրագրող է, բայց երբեք իր մասնագիտությամբ չի աշխատել, քանի որ մասնագիտության ընտրությունը պատահական է ստացվել։ Հոգով նկարչուհի է՝ չունի նկարչական կրթություն, բայց դեռ փոքր հասակից նկարելու սերն էլ համեղ թխվածքները վերածում է իսկական էստեթիկ հաճույքի. թխվածքի մատուցման ամեն մի մանրուք հաշվարկված է:
«Միշտ սիրել եմ պատրաստել՝ սկզբում մեր ընտանիքի, մեր հյուրերի համար: Տանը նոր ու հետաքրքիր բան պատրաստելը իմ համար հոբբի էր, հետո ինչ-որ պահի հասկացա, որ ուզում եմ հենց դրանով էլ զբաղվել։ Այդպես ստեղծվեց Little Sweets ապրանքանիշը»,-Sputnik Արմենիային պատմում է Էռնան։
«Ամեն ինչ շատ սիրով եմ պատրաստում, իսկ եթե հաճույքով ու սիրով ես զբաղվում գործով՝ հաջողության կհասնես: Ամեն ինչ պետք է իդեալական լինի»,-ասում է Էռնան՝ առաջնային համարելով հումքն ու որակը՝ ամենաթարմն ու ամենաբարձրակարգը:
Հրուշակագործ Էռնա Մուրադյանը
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Հենց դա է պատճառը որ մեր թխվածքներից մեկ անգամ օգտվողը մշտական այցելու է դառնում»,-ասում է նա:
Նշում է՝ չէր սպասում, որ իր թխվածքներն այդքան շուտ կսիրվեն ու հայտնի կդառնան ոչ միայն Գյումրիում, այլ նաև Երևանում: Ի դեպ, պատվերներ ունենում է նաև ՌԴ–ից:
Շատ է սիրում, երբ պատվիրատուն երևակայությունը թողնում է հրուշակագործին:
«Շատ հաճախորդներ ունեմ՝ ծանոթ լինելով մեր աշխատանքին, վստահում են իմ երևակայությունն ու դիզայնը թողնում են ինձ»: Քմահաճ ու բարդ հաճախորդներ կան, բայց միակ բարդությունը Էռնայի համար ժամանակի պակասն է՝ պատվերները շատ են:
Իր ստեղծած տորթերից Էռնան առանձնացնում է հենց այն, որը «Кондитер»-ին մասնակցելու համար էր պատրաստել: «Տարբերվող ու հիշվող էր: Հետաքրքիրն այն է, որ նմանատիպ տորթ իմ մոտ պատվիրել էր հարսնացուն իր մարզիկ ընկերոջ համար»,-ասում է Էռնան։
Հրուշակագործ Էռնա Մուրադյանը
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Թեև մրցույթը շատ լուրջ ու դժվար էր (ի տարբերություն Էռնայի, շատ մասնակիցներ 20-30 տարվա աշխատանքային փորձ ունեին), Էռնայի հաջողության մեջ հարազատները վստահ էին:
Հայ մասնակցի համար անչափ կարևոր էր ոչ միայն փորձագետների, այլև հաղորդման հեղինակ Ռենատ Ագզամովի կարծիքն ու նրա նվիրած գոգնոցը:
Առջևում «Кондитер» հեռուստաշոուի սուպեր եզրափակիչն է. հաղթողը կարժանանա «Ռուսաստանի լավագույն հրուշակագործ» կոչմանը և կստանա 1 միլիոն ռուբլի դրամական պարգև:
Էռնայի ու հարազատների համար կարևորը կոչումն է: