«Fly Arna»-ն կսկսի թռիչքներ իրականացնել 2022թ-ի ապրիլ-մայիսից

«Էյր Արաբիայի» հետ համատեղ համաձայնագրով ստեղծվող նոր հայկական ազգային ավիաընկերությունը ամիսներ անց կսկսի թռիչքներ իրականացնել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) և Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային ավիափոխադրող «Էյր Արաբիայի» միջև կնքված համաձայնագրով ստեղծվող նոր հայկական ազգային ավիաընկերությունը կսկսի գործել արդեն 2022թ-ի ապրիլ-մայիս ամիսներին։
Այս մասին այսօր առցանց մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց ֆոնդի տնօրեն Դավիթ Փափազյանը:
4 մլրդ 733 մլն դրամ` ազգային ավիափոխադրողի բաժնետոմսերի դիմաց. կառավարությունը քայլ արեց
«Այսինքն՝ մայիս ամսից կսկսեն կանոնավոր չվերթները՝ նախնական 4 ուղղություններով: Այդ ժամանակ մենք կունենանք 2 օդանավ: Իսկ հինգ տարի հետո մենք կունենանք 15 օդանավ»,- հայտնեց Փափազյանը:
Հիշեցնենք՝ հուլիսի 14-ին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը և Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային ավիափոխադրող «Էյր Արաբիան» հայտարարեցին հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու մասին:
Ըստ համաձայնագրի՝ կստեղծվի անկախ համատեղ ձեռնարկություն, որը կգործի որպես բյուջետային ուղևորափոխադրող ավիաընկերություն և որի բազան կհանդիսանա Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։
Չեղարկվել են Երևան-Կապան թռիչքները. ավիափոխադրողը հետ է վերցրել իր հայտը
Համաձայնագիրը «Զվարթնոց» օդանավակայանում։ ստորագրվել էր Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և «Էյր Արաբիայի» տնօրենների խորհրդի նախագահ Ն.Գ. Շեյխ Աբդուլլահ բին Մոհամեդ ալ Թանիի միջև։
Ավիաընկերության անվանումը որոշելու հնարավորությունն ընձեռնվել էր ՀՀ քաղաքացիներին: Այդ նպատակով հայտարարված մրցույթի մասնակիցներից ստացված ավելի քան 500 առաջարկներից ընտրվել էր «Fly Arna» անունը: «Արնա» բառը ստացվել էր «Հայկական ազգային ավիաուղիներ» (Armenian National Airlines) անունից՝ համատեղելով «ARmenian» բառի առաջին երկու տառերը, «National» և «Airline» բառերի առաջին տառերը: