«Ձիու պոզայով» երթևեկելու դարաշրջանն ավարտվում է, հարցերը մնում են

Երթուղային
Եկեք անկեղծ լինենք։ Տասնամյակներ շարունակ ամեն օր երթուղայինով աշխատանքի գնացող և տուն վերադարձող երևանցիներիս արդեն թվում էր, թե «շախմատային ձիու պոզայով» երթևեկելու մղձավանջը երբեք չի ավարտվի։
Sputnik
Ու հանկարծ անսպասելի լավ լուր՝ ավելի քան 200 ժամանակակից, հարմարավետ, ութուկես մետրանոց ավտոբուսներ ենք ստացել, որոնք հենց օրերս դուրս կգան երթուղի։
Բրավո նախկիններին, որոնք նախաձեռնեցին մայրաքաղաքի նոր տրանսպորտային ցանցի ստեղծումը, բրավո ներկաներին, որոնք պահպանեցին խոստումը և կարծես թե ավարտին են հասցնում Երևանում վերջապես քաղաքակիրթ հասարակական տրանսպորտ ունենալու ոչ դյուրին գործը։
Ուղղակի թույլ տվեք մի քանի մտահոգություն հայտնել։ Այո′, մեզ համար երջանկության նման մի բան է, որ գոնե պրծնում ենք գերբեռնված, ծխող ու ռաբիզ լսող վարորդով, Բրեժնևի օրոք արտադրված հնամաշ երթուղայինից։ Բայց տրանսպորտն, ախր, միայն գեղեցկատես ավտոբուսներով չի սահմանափակվում. դրանք պետք է շատ հստակ աշխատեն՝ յուրաքանչյուր կանգառում փակցված գրաֆիկին խիստ համապատասխան։
ՌԱԴԻՈ
Տրանսպորտային նոր ցանցը թղթի վրա է. կյանքի կոչելու համար մասնագետ չկա
Թող երեկոյան 11-ին կես ժամը մեկ գան այդ ավտոբուսները, միայն թե իմանամ, որ ուղիղ 11 անց կեսին անպայման կգա։ Թե չէ, հիմա կարող ես մինչև առավոտ սպասել կանգառում ու ի վերջո հասկանալ, որ զուր էին քո բոլոր, բոլոր հույսերը, և ոչ մի տրանսպորտ էլ չի բարեհաճելու համարյա կեսգիշերին քեզ տուն հասցնել, և լսելու ես վարորդից նույն պողպատյա բացատրությունը՝ ի՞նչ են տալիս, որ... Բա հենց դրա համար է հիմա երթուղայինի վարորդը ատլանտյան տառեխի նման լցնում իր մեքենան՝ որովհետև ինքը մաս ունի մեր տված 100-դրամանոցներից։
Եթե այս նոր մեքենաների վարորդների եկամուտն անմիջականորեն կախում չունենա ուղևորների քանակից, արդյոք հնարավոր է ապահովել նրանց բարձր աշխատավարձը։ Սա՝ մեկ։
Երկրորդ։ Իսկ ինչպե՞ս է նոր ավտոբուսը կանգառ հասնելու հենց այնտեղ նշված ժամին։ Չէ՞ որ բոլորս հրաշալի գիտենք, որ Երևանի փողոցներում պարզապես անհնար է պահպանել գոնե մոտավոր գրաֆիկը. ամեն տեղ համատարած խցանումներ են։
«Գազելների» տրամաբանությանը վերադարձ չի լինելու. Երևանում նոր տրանսպորտային ցանց կներդրվի
Արևմուտքում որոշ ծանրաբեռնված հատվածներում հատուկ գծեր կան, որոնք նախատեսված են միայն ու միայն հասարակական տրանսպորտի համար։ Փորձեք նման բան անել մեր հարազատ քաղաքում։ Հենց հաջորդ օրն այդ հատուկ գծերը ավտոկանգառների են վերածվելու։ Չե՞ք հավատում, գնացեք ու տեսեք, թե ինչպես են մասնավոր մեքենաները շրջափակել կանգառները, ու ոչ ոք ձայն չի հանում։ Ի՜նչ կանգառներ՝ մեքենաները ելել են մայթերը, իսկ այդ նոր ճանապարհային ծառայության ակտիվ երիտասարդները շարունակում են սուլել ու սուլել խաչմերուկներում. որևէ մեկի մտքով էլ չի անցնում մոտենալ խեղճ հետիոտնի ճամփին առոք-փառոք բազմած հսկայական «Բրաբուսին»։
Երրորդ մտահոգությունը. ինչպե՞ս եք անելու, որ բոլոր ուղևորներն այդ նոր ավտոբուսներում բարեխղճորեն վճարեն։ Երթուղայինում նման խնդիր չկա՝ փորձիր փախչել, ինչպես ասում են՝ «շան լափ կլցնի գլխիդ» վարորդն ու կհիշի անցվորներիդ։ Երկու դռնանի ավտոբուսներում այդ հարցը շատ հեշտ է լուծել՝ վարորդը պարզապես չի բացում հետևի դուռը։
Նոր ավտոբուսները երևանյան երթուղի կմտնեն մի քանի փուլով. Մարությանը ներկայացրեց դրանք
Ասում են՝ նոր ավտոբուսներում նման բան չի լինելու. ուղևորի շփումը վարորդի հետ բացառված է։ Թույլ տվեք էս դեպքում էլ հայտնել կասկածս։
Այո′, քաղաքակիրթ երկրներում մարդը պարտադիր վճարում է՝ քաջ գիտակցելով, որ այն, ինչ անում է, անում է հարազատ քաղաքի համար, այսինքն՝ ի վերջո հենց ինքն իր համար, որովհետև որքան ավելի բարգավաճ է քաղաքը, այնքան ավելի հաճելի է այնտեղ ապրելը։ Մեզ մոտ, երբ տեսնում եմ, թե ինչպես է երևանցին ծխախոտի մնացորդը կամ նույնիսկ դատարկ տուփը հանգիստ գցում մայթին, միշտ մտածում եմ՝ չէ′, առնվազն այս մարդու համար իր քաղաքի մաքրությունը, բարգավաճումը բացարձակ որևէ նշանակություն չունեն։ Ինքը, կներե′ք, թքած ունի Երևանի վրա։
Իհարկե, լավագույն տարբերակը կլիներ անվճար քաղաքային տրանսպորտի գաղափարը, որն արդեն մոտ 10 տարի է, ինչ իրականություն է դարձել Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում, իսկ հիմա արդեն գործում է նաև Ֆրանսիայի մոտ երեք տասնյակ քաղաքներում։
Անկանխիկ վճարում ու նոր ավտոբուսներ. կլուծվի՞ արդյոք տրասնպորտային խնդիրը Երևանում
Արդյունքն ակնհայտ է. մոտ 60 տոկոսով ավելի շատ մարդ է սկսել օգտվել քաղաքային տրանսպորտից, մարդիկ աշխատում են առաջին իսկ հնարավորության դեպքում խուսափել իրենց մեքենաներն օգտագործելուց, ինչի հետևանքով էապես պակասել են խցանումները, նվազել է ավտովթարների թիվը, օդը շատ ավելի մաքուր է դարձել։
Բայց ճիշտ եք՝ եկեք նոր տրանսպորտային համակարգը նախ հորով-մորով անենք, հետո արդեն մտածենք ֆանտաստիկ բաների, այդ թվում՝ անվճար երևանյան տրանսպորտի մասին։
Բայց չմոռանանք՝ խայտառակ երթուղայինների փոխարեն նոր հարմարավետ ավտոբուսներ ունենալն էլ մի ժամանակ ֆանտաստիկա էր թվում։