Տղամարդն Ալեն Սիմոնյանի և ուրիշների անուններով էջեր է բացել ու գումար հափշտակել. ՔԿ

38-ամյա տղամարդը ներկայացել է որպես հայտնի գործարարի որդի, ձեռք բերել կանանց վստահությունն ու գումար շորթել։ Նրանցից մեկն ինքնասպանության փորձ է արել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Արարատի մարզի 38-ամյա բնակիչը 2020թ. հունիսից մինչև 2021թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում Facebook սոցիալական ցանցում ստեղծել է հանրությանը հայտնի անձանց՝ Վարդան Սրմաքեշի, Ալեն Սիմոնյանի, Հայկ Սարգսյանի, «Սասի Արտակի», Սամվել Կարապետյանի, Սարգիս Կարապետյանի անուններով կեղծ էջեր ու խարդախությամբ գումար է հափշտակել տարբեր օգտատերերից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Քրեական գործի շրջանակում պարզվել է, որ նա տուժածներից երեքին ներկայացել է որպես Հայաստանում տարբեր բարեգործական ծրագրեր իրականացրած հայազգի, ռուսաստանաբնակ գործարար, հանրության շրջանում հայտնի անձի որդի «Սարգիս Կարապետյան»: Այնուհետև նամակագրություն է սկսել ֆեյսբուքյան կին օգտատերերի հետ և նրանցից տարբեր հնարքներով գումար շորթել, որը փոխանցել են նրա «Idram» էլեկտրոնային դրամապանակին։

Այնուհետև նույն ժամանակահատվածում վերադարձրել է ստացված գումարների մի մասը՝ այդկերպ ամրապնդելով վստահությունն իր հանդեպ, իսկ վերջնարդյունքում խաբեությամբ հափշտակել է խոշոր չափերով, նախնական տվյալներով, 1.702.000 ՀՀ դրամ գումար:
Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նույն տղամարդու կողմից կատարված այլ հանցագործությունների վերաբերյալ ևս:
Մասնավորապես, պարզվել է, որ կին օգտատերերից մեկին հայտնել է՝ նրա հանդեպ իբր ունեցած զգացմունքների մասին, կնոջը խնդրել ուղարկել իր կիսամերկ տեսագրությունը: Իսկ երբ կնոջը հայտնել է իր իրական ինքնությունը և հետագա շփումները չեն հաջողվել, սպառնացել է, թե իր տրամադրության տակ գտնվող վերոնշյալ տեսագրությունը հնարավոր է հրապարակի համացանցում՝ այն հասանելի դարձնելով նրա դստեր համադասարանցիներին և վերջիններիս ծնողներին:
Բացահայտվել է հանցավոր խումբ, որը գումարներ է շորթել ԱՄՆ քաղաքացուց. տեսանյութ
Կինը կյանքին վերջ տալու նպատակով օգտագործել է բուժական դեղաչափը գերազանցող քանակությամբ հոգեմետ դեղահաբեր: Բարեբախտաբար, բժիշկներին հաջողվել է փրկել նրան։
38-ամյա տղամարդը հայտնաբերվել է և ձերբակալվել: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրվելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Բոլոր այն քաղաքացիները, որոնք տուժել են վերոհիշյալ անձանց անվամբ գրանցված կեղծ օգտատիրոջ գործողություններից, կարող են դիմել վարույթն իրականացնող մարմնին: