Նախատեսվում է նաև հոսանքի սակագնի բարձրացում. Բաղրամյան

Գարեգին Բաղրամյան. Արխիվային լուսանկար
Գարեգին Բաղրամյանը հայտնել է, թե որոնք կլինեն էլեկտրաէներգիայի գնի բարձրացման հիմքերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Առաջիկայում հնարավոր է նաև էլեկտրաէներգիայի գնի բարձրացում լինի։ «Հրապարակի» հետ զրույցում ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը` պատասխանելով հարցին, թե էլեկտրաէներգիայի սակագի փոփոխություն սպասվո՞ւմ է 2022-ին։
«Էլեկտրաէներգիայի սակագնի մասով մոտ օրերս պարզ կլինի, ենթադրում եմ, որ որոշակի բարձրացման խնդիր կարող է առաջանալ։ Հրազդանի 5-րդ էներգաբլոկով է պայմանավորված, և ատոմակայանի վարկի մարումների գրաֆիկն է ընկած հիմքում»,–ասել է նա։
Բաղրամյանի խոսքով` հոսանքի գնի բարձրացում հնարավոր է 2022-ի փետրվարի 1-ից։
Գնաճը հասել է 9.1 տոկոսի. ԿԲ–ի կանխատեսումներն առաջիկա ամիսների համար լավատեսական չեն
Իսկ ինչ վերաբերում է գազի գնին, ապա, ըստ նրա, գազի գինը կախված է պայմանավորվածություններից և կախված նրանից, թե ինչ պայմանավորվածություններ կլինեն Հրազդանի 5-րդ էներգաբլոկի մասով։ Դրանք շաղկապված են իրար հետ։
«Ես ենթադրում եմ, որ որոշակի նաև այլ գործոններ կան, բացի Հրազդան-5-ը։ Բայց առյուծի բաժինը Հրազդանի 5-րդ էներգաբլոկով է պայմանավորված լինելու»,–ասել է Բաղրամյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ջրի սակագինը 20.47 դրամով կբարձրանա։ 2022 թվականի համար սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար 200,47 դրամ կդառնա։