ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ է Արագածոտնի մարզի «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Քարաթափման վտանգի պատճառով շարունակում է երկկողմանի փակ մնալ Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը։
Հիշեցնենք` նոյեմբերի 28–ի գիշեր ժամը 03։25-ին Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհին տեղի էր ունեցել քարաթափում․ավտոճանապարհն այդ պահին դարձել էր միակողմանի երթևեկելի։
Սյունիքի մարզի Գորիս, Կապան, Մեղրի քաղաքներում և Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածում տեղում է ձյուն։
Կոտայքի մարզի «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի ավտոճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում, Լոռու մարզի Թումանյան, Ստեփանավան և Տաշիր քաղաքների ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Լանջիկ-Մարալիկ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին, Ջաջուռի և Քեթիի ոլորաններում, Արագածոտնի մարզի Ապարան-Ծիլքար և Թալին-Մաստարա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհին և Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում մառախուղ է։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։