ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի նիստերը կշարունակվեն մոտակա օրերին: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
«Նիստի ավարտից հետո միայն կարող ենք խոսել արդյունքների մասին»,–ասացին գրասենյակից։
Ինչպես արդեն հաղորդել էինք, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստը կայացել է դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։
Եռակողմ աշխատանքային խումբը ստեղծվել է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն` Մհեր Գրիգորյանի ղեկավարած պատվիրակությունը Մոսկվայում կլինի դեկտեմբերի 1-3-ը: ՀՀ փոխվարչապետը կմասնակցի նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին, ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին, Երկրորդ Եվրասիական համագումարին:
Հիշեցնենք` Սոչիում նոյեմբերի 26–ին կայացավ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը։ Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց էր ունեցել Ալիևի հետ։ Բանակցությունները տևեցին երեք ժամ։ Եռակողմ հանդիպմանը հաջորդեց Պուտին–Փաշինյան առանձնազրույցը։ Բանակցությունների արդյունքում ստորագրվեց համատեղ հայտարարություն։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ փոխվարչապետները կհանդիպեն Մոսկվայում՝ մի քանի ամփոփումներ անելու և հայտարարելու ընդունված որոշումների մասին, որոնք երկրների ղեկավարները համաձայնեցրել են նոյեմբերի 26-ի հանդիպմանը: