Դեէսկալացիայի համար հասցեական արձագանքը կարևոր է. Միրզոյանը` Շվեդիայի ռիկսդագի նախագահին

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի Ռիկսդագի (խորհրդարանի) նախագահ Անդրեաս Նորլենի հետ (1 դեկտեմբերի, 2021). Ստոկհոլմ
Արարատ Միրզոյանը և Անդրեաս Նորլենն անդրադարձել են նաև երկու երկրների միջև հաստատված բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը, երկկողմ ու բազմակողմ հարթակներում փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Աշխատանքային այցով Ստոկհոլմում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը երեկ` դեկտեմբերի 1-ին, հանդիպում է ունեցել Շվեդիայի ռիկսդագի (խորհրդարանի) նախագահ Անդրեաս Նորլենի հետ, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
«Նախարար Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի և Ադրբեջանի զինված ուժերի կողմից մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներթափանցման, վերջերս իրականացրած ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը։
Նա ընդգծել է տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի և կայունացման համատեքստում միջազգային հանրության պատշաճ և հասցեական արձագանքի կարևորությունը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Արարատ Միրզոյանը Լավրովին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
Անդրադառնալով հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերին՝ Արարատ Միրզոյանն առանձնահատուկ շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման, ինչպես նաև՝ պատերազմի արդյունքում Արցախում ստեղծված հումանիտար խնդիրների հաղթահարման անհրաժեշտությունը։
Արարատ Միրզոյանը և Անդրեաս Նորլենն անդրադարձել են նաև երկու երկրների միջև հաստատված բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման, երկկողմ ու բազմակողմ հարթակներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման հեռանկարներին։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարում Շվեդիայի կողմից, այդ թվում՝ խորհրդարանական մակարդակում ցուցաբերվող աջակցությունը։
Հայաստան-Եվրամիություն գործընկերության առավել խորացման համատեքստում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը և Շվեդիայի Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենը քննարկել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկման հարցեր:
Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 1-3-ը աշխատանքային այցով մեկնել է Ստոկհոլմ։