Արմեն Սարգսյանը շնորհավորել է ԱՄԷ-ի նախագահ, շեյխ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանին

Արմեն Սարգսյանը և Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ, շեյխ Խալիֆա Բին Զայեդը. Արխիվային լուսանկար
Նախագահը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Միացյալ Էմիրությունների համագործակցությունը կամրապնդվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ, շեյխ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանին՝ Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադրման 50-րդ տարեդարձի առթիվ, հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:

Նախագահ Սարգսյանը մասնավորապես վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Միացյալ Էմիրությունների համագործակցության առկա մակարդակն առավել կամրապնդվի և կզարգանա՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների:

Տոնի առթիվ նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային գերագույն խորհրդի անդամ, Շարժայի Էմիրության կառավարիչ, շեյխ Սուլթան Բին Մուհամմադ Ալ Կասիմիին, Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի Էմիրության կառավարիչ, շեյխ Մուհամմադ Բին Ռաշեդ Ալ Մաքթումին և Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական, շեյխ Տահնուն Բին Զայեդ Ալ Նահյանին:
Վերջին շրջանում Հայաստանի և ԱՄԷ-ի միջև նկատվում է համագործակցության ակտիվացում, թեև ներկայումս մեր երկիրը դեսպանի մակարդակով ներկայացված չէ ԱՄԷ-ում ։ Հոկտեմբերի վերջին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարճատև աշխատանքային այցով եղել է Արաբական Միացյալ Էմիրություններում:
ԱՄԷ արտաքին առևտրի նախարարն ու Քերոբյանը Դուբայում պայմանավորվածություն են ձեռք բերել
Արաբական ներդրողները ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանի նկատմամբ։ Հուլիսին տեղի ունեցավ Հայաստանի քաղավիացիայի համար պատմական իրադարձություն` Արաբական ավիաընկերությունը` Air Arabia լոուքոսթերը և Հայաստանի ազգային շահերի հիմնադրամը (ANIF, պետական-մասնավոր ներդրումային հիմնադրամ) ստորագրեցին Ազգային ավիափոխադրող ստեղծելու մասին համաձայնագիր:
Նոյեմբերին Հայաստանի կառավարությունը և ԱՄԷ-ում գրանցված «Մասդար» ընկերությունը ստորագրեցին 200 մեգավատ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման մասին համաձայնագիրը: