Առաջարկվում է կառուցել առևտրի կենտրոն և բնակելի թաղամաս. Նիկոլ Փաշինյանը նիստ է անցկացրել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել էկոնոմիկայի նախարարության «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ
Վարչապետի մոտ քննարկվել են քաղաքաշինության ոլորտի խոշորամասշտաբ ներդրումային ծրագրերի առաջարկներ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել էկոնոմիկայի նախարարության «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Քննարկվել են ՆԱԿ կողմից ուղեկցվող մի շարք ներդրումային ծրագրերի առաջարկները և դրանց իրականացման հետ կապված խնդիրները: Նիստին մասնակցել են պատասխանատու գերատեսչությունների և ներդրումային ծրագրերի հեղինակ ընկերությունների ներկայացուցիչները:

«Ներկայացված ծրագրերը խոշորամասշտաբ էին և վերաբերում էին քաղաքաշինության ոլորտին. մեկով առաջարկվում է Երևանում կառուցել առևտրի կենտրոն և բնակելի թաղամաս, մյուսով՝ երկնաքերերից կազմված գործարար կենտրոն-համալիր և այլն»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ներդրումային նախագծերի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, պարզաբանումներով և դիտարկումներով են հանդես եկել թե՛ շահագրգիռ գերատեսչությունների, թե՛ ներդրումային կազմակերպությունների ներկայացուցիչները: Քննարկվել են ծրագրերի իրագործելիությանը և նպատակահարմարությանը, ենթակառուցվածքային, քաղաքաշինական, տնտեսական և այլ բաղադրիչներին վերաբերող հարցեր:
Կադաստր գնալու կարիք չի լինի. շինթույլտվությունները կտրվեն էլեկտրոնային համակարգով
Վարչապետը նշել է, որ ներդրումների ներգրավումն ու խթանումը կառավարության առաջնահերթություններից է, միևնույն ժամանակ դրանք պետք է իրականացվեն ճարտարապետական և քաղաքաշինական նորմերի պահպանմամբ:
Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է սեղմ ժամկետում ամփոփել նախագծերի իրագործմանը վերաբերող հարցադրումները, շարունակական աշխատել ներդրողների հետ՝ ծրագրերը հնարավորինս փոխադարձ ընդունելի դարձնելու ուղղությամբ:
Քննարկվում է Երևանում մետրոյի երկու կայարան կառուցելու տարբերակը. էկոնոմիկայի փոխնախարար
Երևանն ու Սանկտ Պետերբուրգը համատեղ ծրագրեր կիրականացնեն. «Ճանապարհային քարտեզ» է ստորագրվել