Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անբուժելի հիվանդության ու մոտալուտ մահվան մասին խոսակցությունները դեռ չէին լռել, երբ համացանցում նոր դետեկտիվ ի հայտ եկավ։ Այն էլ՝ ի՜նչ դետեկտիվ` և՛ նենգ թունավորում, և՛ դիակի բացակայություն, և՛ խորհրդավոր իրադարձություններ առանձնատանը, և՛ լռելու երդում, և՛, ինչպես միշտ, ոչ մի բանի մասին չիմացող ոստիկանություն։ Ամեն ինչ այնպես, ինչպես լինում է այդ ժանրի լավագույն վեպերում։
Թուրքական ոճով դետեկտիվ
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ համացանցում տեղեկություններ հայտնվեցին թուրք սուլթանի ոխերիմ թշնամու՝ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի թունավորման մասին։
Թուրքական OdaTV հեռուստաալիքի վարկածով՝ ամերիկյան Փենսիլվանիայում բնակվող ազդեցիկ ընդդիմադիր գործչի դեմ մահափորձ է կատարվել նոյեմբերի 17-ի գիշերը։ Սկսեցին խոսել, թե իբր թունավորողը գյուլենականների «աջ ձեռքի»` Ջևդեթ Թյուրքյոլուի շրջապատից է եղել։ Հետո հայտարարվեց, որ ընդդիմադիրը ողջ է մնացել, բայց կորցրել է խոսելու ունակությունը, իսկ միջադեպի ականատեսներն իբր Ղուրանի վրա երդվել են, որ որևէ տեղեկություն չեն հրապարակելու կատարվածի մասին:
Ինչպես ընդունված է նման դեպքերում, անհրաժեշտ դադարը պահվեց, և մոտ մեկ օր անց հնչեցին առաջին հերքումները։ «Ոսկե սերունդ» կենտրոնի (որտեղ հիմա ապրում է Գյուլենը) փոխնախագահ Սեզայ Սաբլակը հայտարարեց, որ քարոզչի մահվան մասին լուրը սուտ է։ Հետո Գյուլենի մտերիմը՝ հասարակական գործիչ Ջևդեթ Թյուրքյոլուն, տեսագրություն հրապարակեց և վստահեցրեց, որ քարոզչի կյանքին վտանգ չի սպառնում։ Որպես ապացույց՝ գյուլենականները հրապարակեցին իրենց առաջնորդի նոր քարոզի տեսանյութը (թեև անհնար է պնդել, որ տեսագրությունն արվել է թունավորման մասին հաղորդագրությունների հայտնվելուց հետո)։
Իսկ ամերիկյան ոստիկանությունը հայտարարեց, որ ընդհանրապես չի էլ լսել թուրք աքսորյալի դեմ մահափորձի, առավել ևս` մահվան մասին։
Ինչպես լինում է դետեկտիվներին բնորոշ խառը սյուժեում, Էրդողանի վտանգավոր մրցակցի դեմ մահափորձը հաստատող կամ հերքող համոզիչ ապացույցներ մինչ օրս չկան, ուստի ով ինչ ուզում, խոսում է։
Մինչդեռ մահափորձի հարցը (եթե, իհարկե, եղել է) արդեն երկրորդ պլան է մղվել, իսկ առաջին պլան են եկել քննարկումներն այն մասին, թե ում է պետք Գյուլենի «թունավորման» շուրջ աղմուկը։ Թուրքիայի նախագահի համախոհներն արդեն հայտարարել են, որ դա արվել է ԿՀՎ-ի մտահղացմամբ, որպեսզի պարզեն թուրք հասարակության հնարավոր արձագանքը Էրդողանի մրցակցի սպանության լուրին, առավել ևս հիմա, երբ օրեցօր աճում է կառավարության քաղաքականությունից դժգոհողների թիվը։
Եթե ամերիկաբնակ Գյուլենին իսկապես սպանել են, ապա դա ԿՀՎ-ի մեծագույն ձախողումն է, քանի որ հենց ԿՀՎ-ն է ապահովում թուրք ընդդիմադիրի անվտանգությունը։ Ամերիկացիները Գյուլենին չեն թաքցրել ու բազմաթիվ անգամ մերժել Անկարային արտահանձնելու պահանջը, որպեսզի թույլ տան իրենց տարածքում վերացնել նրան։
Ընդդիմադիրի կողմնակիցներն իրենց հերթին պնդում են, որ մահվան մասին արտահոսքը նախաձեռնել է Թուրքիայի իշխող ուժը, որպեսզի շեղի ուշադրությունը Էրդողանի առողջական վիճակի վերաբերյալ քննարկումներից:
Հատկանշական է, որ լուրերը ոչ թե քեմալականների առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի կամ Էրդողանի նախկին համախոհ, Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի մասին են, այլ հենց Գյուլենի՝ այն «խորքային պետության» առաջնորդի, որից մինչ օրս այդքան զգուշանում է Էրդողանը՝ չնայած բանակում, պետական ապարատում և կրթական հաստատություններում 2016-ի հեղաշրջման փորձից հետո իրականացրած զանգվածային զտումներին։
Թուրք առաջնորդն էլ է շատ լավ հասկանում, որ եթե հեռավոր գյուղերն աջակցում են իրեն, ապա «խորքային պետությունը», որը ոչ մի տեղ չի կորել, ընդդիմության մեջ է և դեռ կարող է զգալի հարված հասցնել։ Հենց Գյուլենն է Էրդողանի գիշերային մղձավանջը, և մահափորձի հետ կապված պատմությունը կրկին ի հայտ բերեց թուրք առաջնորդի վախերը։
Արևմուտքը սեղմո՞ւմ է Էրդողանի պարանոցին գցած պարանը
Այս առեղծվածային պատմությունը ծավալվում է ազգային արժույթի անկման, ընդդիմության ակտիվացման և Թուրքիայում արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջներին զուգահեռ։
Իշխանամետ թերթերից մեկը գրել է, որ թուրքական լիրայի ռեկորդային անկումը բացատրվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի անձնական վրեժխնդրությամբ՝ հիշեցնելով, որ ԱՄՆ առաջնորդը դեռ նախընտրական արշավի ժամանակ էր ակնարկել նման միջոցների մասին: Թուրքիայի նախագահն ազգային արժույթի փլուզման համար արդեն բացահայտ մեղադրել է արտաքին ուժերին։
Որ Էրդողանը ԱՄՆ-ից «սև պիտակ» է ստացել, պարզ էր արդեն այն պահից, երբ Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Մենք արդեն գրել ենք, որ Վաշինգտոնն աստիճանաբար կուժեղացնի ճնշումը Անկարայի վրա։ Թեև հասկանալի է, որ այսօրվա իրավիճակը դեռ ծայրագույն կետի չի հասել, և թուրքական սուլթանը դեռ կարող է հաղթահարել այն։ Առավել ևս, որ Էրդողանն արդեն որոշում է կայացրել, որն օժանդակություն է դարձել Թուրքիայի տնտեսության համար։
Դավաճանել ու վաճառել
Թուրքական սուլթանի համար այս բարդ իրավիճակում նրան օգնության հասավ Աբու Դաբիի գահաժառանգ արքայազն ու Արաբական Միացյալ Էմիրությունների փաստացի առաջնորդ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանը, որն օրերս Անկարա էր այցելել։ Այցի ընթացքում կողմերը մի շարք կարևոր ֆինանսական համաձայնագրեր ստորագրեցին։ Արաբական Միացյալ Էմիրությունները թուրքական տնտեսության մեջ 10 մլրդ դոլար ներդրում կանի, ու դա միայն սկիզբն է։ Որոշ փորձագետների կարծիքով՝ գումարը կարող է հետագայում հասնել 100 միլիարդի:
Արդյոք այս ամենի հետևում միայն գահաժառանգ արքայազնի թագավորական առատաձեռնությո՞ւնն է, չէ՞ որ ԱՄԷ-ի ու Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ վատացել էին դեռ արաբական գարնան ժամանակ, մասնավորապես՝ Եգիպտոսի իրադարձություններից հետո: Ինչպես հայտնի է, հեղափոխության արդյունքում այդ երկրում նախագահ դարձավ «մահմեդական եղբայրների» ներկայացուցիչ Մուհամմեդ Մուրսին, որին ակտիվորեն աջակցում էր Թուրքիան։ Իսկ 2013-ին նրան գահընկեց արեցին, ու նախագահի աթոռին նստեց Աբդել Ֆաթահ աս Սիսին, որին օգնել էր ԱՄԷ-ն։ Նոր առաջնորդի ընտրվելուց հետո երկրում սկսվեցին «մահմեդական եղբայրների» կողմնակիցների զանգվածային հետապնդումները, ինչը զայրացրեց թուրքերին։
Պաշտոնական Աբու Դաբիին դուր չեկավ նաև, որ Թուրքիան ներխուժեց Սիրիա, և հայտարարեց, որ Անկարան գաղութային քաղաքականություն է վարում։
Թուրքիան նույնպես բողոքներ ներկայացրեց ԱՄԷ-ին․ մեղադրանքներ հնչեցին և՛ 2016 թվականի հեղաշրջումը ֆինանսավորելու, և՛ քրդական զինված ջոկատներին աջակցելու, և՛ Լիբիայում գեներալ Հաֆթարին աջակցելու, և՛ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման ֆոնին Պաղեստինի շահերը դավաճանելու մասին։
Բայց, ինչպես ասում էր ֆրանսիացի հայտնի դիվանագետը, քաղաքականության մեջ չկան համոզմունքներ, կան հանգամանքներ։ Էրդողանը, որն այդքան կատաղի ձևով պաշտպանում էր «մուսուլման եղբայրներին», երկրի տնտեսական բարդ դրության ֆոնին պրագմատիզմ ցուցաբերեց և որոշեց վաճառել սպառված ակտիվը։
Արաբական Միացյալ Էմիրությունները համաձայնեցին Թուրքիային ֆինանսական օգնություն տրամադրել «մահմեդական եղբայրներին» ուղղված աջակցությունից հրաժարվելու դիմաց:
Արաբների համար ևս մեկ դրական գործոն հանդիսացավ այն, որ Անկարան իր թուրք զինյալներին դուրս բերեց Լիբիայից՝ այնտեղ թողնելով ռազմական հրահանգիչներին, խորհրդականներին ու սպառազինությունը։
Դրանով էլ բացատրվում է Թուրքիայի ու ԱՄԷ-ի հարաբերությունների ներկայիս ջերմացումը, որին ուշադիր հետևում են Սաուդյան Արաբիայում։ Ի դեպ, Անկարան արդեն ոչ պաշտոնական բանակցություններ է վարում ինչպես Ալ Ռիադի, այնպես էլ Կահիրեի հետ։ Թե դա ինչ արդյունքների կհանգեցի, ժամանակը ցույց կտա։
Հայկական տունտունիկ
Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանում այս միջազգային կարևոր գործընթացների ֆոնին։ Խորհրդարանական հանրապետությունում շարունակվում է կենաց-մահու պայքարը. ընդդիմությունը 14-րդ անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունն է առաջադրում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում, իշխող ուժը, ի դեմս «Քաղաքացիական պայմանագրի», 14-րդ անգամ մերժում է այն։
Հավանաբար ընդդիմությունը հիշյալ պաշտոնի համար այլ արժանի թեկնածու չունի, իսկ իշխանամետ պատգամավորները ցնցվում են այդ խորհրդարանականի անունը լսելիս։
Հայաստանի շարքային քաղաքացիների մտքով չէր էլ անցնում, որ այդպիսի քաղաքական գործիչ–հսկա կա` Արթուր Ղազինյան անունով, որի պատճառով կատաղի մարտեր են մղում հակամարտող ճամբարները։
Ինչ վերաբերում է միջազգային ասպարեզում Հայաստանի շահերին, ապա մեր պատգամավորները, ըստ ամենայնի, դրա ժամանակը չունեն։ Հենց այսպես էլ ապրում ենք…
* «Մահմեդական եղբայրները» ահաբեկչական կազմակերպություն է, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում։