Շիրակի մարզում բուք է։ Շարունակվող ձյունն ու ուժեղ քամին դժվարացրել են երթևեկությունը:
Մանթաշի, Ջաջուռի, Քեթիի, Լանջիկի և Վարդաղբյուրի հատվածներում ձյունամրրիկ է, տեսանելիությունը` մինչև 70 մետր։
Ի դեպ, ձյունն ուղեկցվում է ամպրոպով: Խնդիրը հատկապես լուրջ է Աշոցքում:
Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության բաժնի պետի ԺՊ Խաչիկ Խնձրցյանը Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ Աշոցքի ճանապարհներին տեսանելիությունը մինչև 50 մետր է:
«Ճանապարհների սպասարկումն իրականացնող ընկերություններն անցել են աշխատանքի: ճանապարհների վիճակը վերահսկելի է, բայց ուժեղ քամին ու ձյունը դժվարացնում են ճանապարհների մաքրման աշխատանքները»,–ասաց նա:
Մարզպետարանից վարորդներին հորդորում են երթևեկել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և միայն ձմեռային անվադողերով։
Հիշեցնենք` Աշոցքում տիրող իրավիճակի մասին այսօր հայտնել էր նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը և տեսանյութ հրապարակել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 1-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 2-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով: