ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Ոսկե արծիվ» շքանշանակիր, «Արցախի հերոս», արցախյան վերջին պատերազմում հերոսաբար զոհված զինծառայող Ալեն Մարգարյանի մորը՝ Նազելի Տերտերյանին, հայտնում են նախագահականի մամուլի ծառայությունից։:
Նախագահը գնահատանքի խոսքեր է ասել հայրենիքի անվտանգության և պաշտպանության համար զոհված զինծառայողների, այդ թվում՝ Ալեն Մարգարյանի հիշատակին և շնորհակալություն հայտնել նման զավակ դաստիարակելու համար:
Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է արցախյան վերջին պատերազմում հերոսաբար զոհված զինծառայող Ալեն Մարգարյանի մորը՝ Նազելի Տերտերյանին (1 դեկտեմբերի, 2021թ). Երևան
© Photo : official site of the President of RA
Տիկին Նազելին հուշեր է պատմել և դրվագներ ներկայացրել որդու մանկությունից, դպրոցական և ուսանողական կյանքից ու գործունեությունից: Նա պատմել է որդու հիշատակի հավերժացմանն ուղղված մի շարք ծրագրերի մասին, որոնք մտադիր է իրականացնել «Ալեն Մարգարյան» բարեգործական հասարակական կազմակերպության միջոցով՝ նշելով, որ դրանք կրթական ուղղվածություն ունեն:
Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել ծրագրերի հստակեցումից հետո հնարավորինս աջակցել դրանց իրականացմանը:
Ալեն Լևոնի Մարգարյանը ծնվել է 1999թ. փետրվարի 11-ին Երևանում:
2005-ից հաճախել է Դ.Դեմիրճյանի անվան թիվ 27 հիմնական դպրոց, որն ավարտել է գերազանցությամբ: 2013-ից ուսումը շարունակել է Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում:
Ալենը մեծ երազանք ուներ՝ փոխել աշխարհն ու այն ավելի լավը դարձնել: Ինչպես ինքն էր նկատել՝ «Կյանքի իմաստը վաղվա օրվա ավելի լավը լինելու հավատի մեջ է»: Հենց այս հավատով էլ 2016թ. ընդունվել է Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրա բաժին: Տարբեր աշխատարանների ընթացքում ստանձնել է չորս փաստագրական ֆիլմի ռեժիսորի դեր:
Համալսարանն ավարտելով կարմիր դիպլոմով` 4 լեզուների տիրապետող Ալենը 2020թ. ընդունվում է Բոստոնի համալսարան, սակայն Բոստոն մեկնել չի շտապում. պարտք ուներ հայրենիքի և իր ժողովրդի հանդեպ, պետք է կատարեր: Ու մեկնում է բանակ. 2020թ. օգոստոսի 12-ին զինվորական տեղամասում Ալենին վիճակվեց ծառայել Արցախի Մատաղիսում: Ալենը մեկնեց ծառայության` իր հետ վերցնելով Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպը։