Ինքը լուռ է, իր արվեստն է խոսում ամբողջ աշխարհում. ԿԳՄՍ նախարարն այցելել է Փելեշյանին

Դումանյանը շնորհավորել է Արտավազդ Փելեշյանին Ամստերդամում ստացած համաշխարհային մրցանակի, «Բնություն» ֆիլմի ցուցադրության և լույս ընծայած գրքի կապակցությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այսօր այցելել են գեղարվեստական և վավերագրական կինոյի հսկա, ռեժիսոր, սցենարիստ, դերասան Արտավազդ Փելեշյանի բնակարան՝ շնորհավորելու և պատվելու նրան, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:
Ինչպես արդեն հայտնել ենք, Ամստերդամում անցկացվող Փաստավավերագրական կինոյի միջազգային թիվ մեկ փառատոնում՝ IDFA-ում (The International Documentary Film Festival Amsterdam), կազմակերպվել է համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանի մեծարման երեկոն: Ի մեծարումն արվեստագետի՝ տեղի է ունեցել նրա «Բնություն» ֆիլմի պրեմիերան:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այցելել է Արտավազդ Փելեշյանին (1 դեկտեմբերի, 2021թ). Երևան
Փառատոնի շրջանակում Փելեշյանն արժանացել է «Life achievement award» («Ստեղծագործական նվաճումների համար») հատուկ, ոչ ամենամյա բացառիկ մրցանակին՝ կինոյի ոլորտում ունեցած անգնահատելի ավանդի համար։ Միջոցառմանը ներկա է եղել նաև Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը:
27 տարի անց Արտավազդ Փելեշյանը խոսեց
Դումանյանը շնորհավորել է վարպետին Ամստերդամում ստացած համաշխարհային մրցանակի, «Բնություն» ֆիլմի ցուցադրության և լույս ընծայած գրքի կապակցությամբ:
Նախարարն ընդգծել է, որ մեծ հպարտություն է ապրում՝ սեղմելով աշխարհահռչակ արվեստագետի ձեռքը։
«Ձեր ստեղծագործություններն արվեստի, գաղափարի, մարդկային մտքի առանձնահատուկ թռիչքներ են. գագաթնակետը «Բնություն» ֆիլմն է, որի պրեմիերային անհամբեր սպասում ենք նաև Հայաստանում»,–ասել է նա:
Նշենք, որ վերջերս լույս է տեսել նաև Արտավազդ Փելեշյանի՝ մոր հիշատակին նվիրված հուշագրությունը՝ «Դու ֆիլմեր արա՛ ու լռի՛ր» գիրքը:

Անդրադառնալով այդ գրքին՝ Վահրամ Դումանյանը նկատել է՝ վերնագիրը հենց իր՝ Փելեշյանի բնութագիրն է. ինքը լուռ է, փոխարենն իր ֆիլմն ու արվեստը խոսում են ամբողջ աշխարհում:

Նախարարը Փելեշյանին մաղթել է քաջառողջություն, ստեղծագործելու ուժ ու եռանդ և խաղաղ պայմաններ, որպեսզի շարունակվի նրա դպրոցը, զարգանա, նոր ծիլեր ու պտուղներ տա:
Փելեշյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար: Նա, վերհիշելով իր վաղ շրջանի գործունեությունը, պատմել է, որ դեռևս համալսարանի ավարտական շրջանում իրեն միանգամից շնորհվել է գեղարվեստական, դոկումենտալ (փաստավավերագրական) և հեռուստատեսային ֆիլմերի ռեժիսորի որակավորում, և միանգամից 3 դիպլոմ է ստացել:
Դեպի կինո ճանապարհը սկսվել է այդ խաչմերուկից. բացվեց Արտավազդ Փելեշյանի աստղը
Հանդիպմանը զրուցակիցները խոսել են նաև Փելեշյան ռեժիսորի ֆիլմերի առանձնահատկությունների, գեղարվեստական արժեքի մասին՝ հիմնականում անդրադառնալով «Մենք» ֆիլմին:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այցելել է Արտավազդ Փելեշյանին (1 դեկտեմբերի, 2021թ). Երևան
Փելեշյանի խոսքով`այս պահին ևս նրա ստեղծագործական գործունեությունը բուռն ընթացքի մեջ է. նա այժմ գրում է 2 սցենար՝ նախատեսված «Սև և սպիտակ երազներ» ֆիլմի և օպերային բեմադրման համար: