ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Ապօրինի հատված ծառերից ստացված փայտանյութի տեղափոխման, ինչպես նաև իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող ոստիկանության ծառայողների և անտառտնտեսության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ձերբակալվել են 3 անձ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
Բանն այն է, որ 2021 թվականի նոյեմբերի 30-ին` ժամը 03։00-ի սահմաններում, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի Արծվաբերդի անտառպետության տարածքում փայտանյութով բեռնված առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենան ոստիկանության աշխատակիցների կողմից հատուկ պահպանվող տարածք տեղափոխելիս Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի մի քանի բնակիչ խոչընդոտել են նշված մեքենայի տեղափոխմանը։
Ապօրինի անտառահատները հայհոյել են ոստիկանության ծառայողներին և «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցներին, քաշքշել նրանց, ինչպես նաև մեքենան տեղափոխող անձանց նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներով խոչընդոտել են իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության ծառայողներին և անտառտնտեսության աշխատակիցներին:
Նախաքննությունը շարունակվում է: