Անգեղակոթի ճակատագիրը․ ճանապա՞րհ, թե՞ միջանցք

2021-ի Անգեղակոթը միջին մեծության գյուղ է՝ մոտ 2000 բնակչով։ Գյուղը թեպետ Գորիս տանող միջպետական մայրուղու մոտ է, բայց բնակավայր տանող ճանապարհը, մեղմ ասած, անբարեկարգ վիճակում է։ Խորհրդային տարիներին այստեղով անցել է Նախիջևանի հետ կապող ճանապարհը։
Sputnik
Անգեղակոթից ու հարևան Շաղատից մինչև Նախիջևանի առաջին բնակավայր Բջնակ մոտ 30 կմ է։ ԽՍՀՄ տարիներին այս ճանապարհը գործում էր թույլ տալով, որ միմյանց կապվեն երկու պատմական հայկական բնակավայրեր՝ հայաբնակ Անգեղակոթը և հայաթափված ու թուրքաբնակ դարձած Բջնակը։ Այսօր ճանապարհ, որպես այդպիսին, չկա։
2019-ին Հայաստանի կառավարությունը որոշ ծրագրեր է քննարկել Անգեղակոթ տանող ճանապարհի նորոգման համար, հողային և բետոնապատման աշխատանքները սկսվել են 2021-ի սեպտեմբերին։ Տեղացիները ոգևորված են. վերջապես մարդավայել ճանապարհ կունենան։ Իսկ Բջնակից դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհի նորոգումն Ադրբեջանը սկսել է 2019-ին։
Ի դեպ, Անգեղակոթի մասին պատմական փաստեր կան դեռևս 5-րդ դարից. այստեղ սպարապետ Վարդան Մամիկոնյանի ու Վասակ Սյունիի գերեզմաններն են։
«Անգեղակոթը սարի պես գյուղ ա, թուրք երբեք չի մտել». բնակիչները չեն պատրաստվում լքել գյուղը
Գյուղի բնակիչների հետ զրուցելիս փորձեցինք հասկանալ, թե ինչպես են վերաբերվում այդտեղով ադրբեջանական մեքենաների հնարավոր երթևեկությանը։ Լենդրուշ Մկրտչյանը թեպետ թշնամի է համարում ադրբեջանցիներին ու չի մոռացել պատերազմի հետևանքների մասին, բայց ուրախ է, որ գյուղում ճանապարհը բարեկարգ է լինելու։ Իսկ թե ինչի համար այն կծառայի... հույսը դնում է կառավարության վրա։

«Կառավարությունը ոնց որոշի, մենք էդպես անենք, մենք ո՞վ ենք, մենք այստեղ ապրող ենք»,-բնակչի խոսքերն են։

Նոյեմբերի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Անգեղակոթի ճանապարհը քննարկվող հիմնական ուղղություններից մեկն է, նոյեմբերի 11-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պնդեց, որ մեզ համար առավել ձեռնտու է հենց Անգեղակոթով անցնող ճանապարհը։ Երկու պաշտոնյաներն էլ շեշտեցին, որ խոսքը ճանապարհի մասին է, ոչ թե միջանցքի։
Ադրբեջանի իշխանությունները նախագահի մակարդակով շարունակում են հայտարարել, որ Հայաստանի տարածքով իրենք հենց «Զանգեզուրի միջանցք» են ստանալու։
Անգեղակոթի ճանապարհային ճակատագիրը շարունակում է անհայտ ու անորոշ մնալ։