Սոչիի հայտարարությամբ կրկին հերքվում են «միջանցքի» մասին տարածվող թեզերը. ԱԳՆ

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. Նոյեմբերի 26-ի Սոչիի եռակողմ հայտարարությունը մի քանի կարևոր արձանագրում է կատարում, հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
Առաջին՝ Սոչիի հայտարարությունով կողմերը վերահաստատում են իրենց պարտավորությունը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթների հետևողական և անվերապահ իրականացման վերաբերյալ։
Սոչիի հանդիպումը. կոնկրետ փաստաթուղթ չստորագրվեց, բայց բոլորը գոհ են
Սա վերաբերում է նաև Ադրբեջանի կողմից մինչ այժմ չկատարված, նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետով ամրագրված՝ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձին և այլ կետերով չկատարված պարտավորություններին։
Երկրորդ՝ ըստ Հունանյանի՝ նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարությամբ ևս մեկ անգամ վերահաստատվում է հունվարի 11-ի հայտարարությամբ արձանագրված տարածաշրջանում տրանսպորտային բոլոր ուղիների ու տնտեսական կապերի ապաշրջափակման դրույթը և հերթական անգամ հերքվում են «միջանցքի» կամ միջանցքային տրամաբանության մասին տարածվող քարոզչական թեզերը:
Հավելենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Զանգեզուրի «տրանսպորտային միջանցքը» իրականություն է դառնում։
ԱԳՆ մամուլի քարտուղարը որպես երրորդ կարևոր արձանագրում նշում է, որ ըստ հայտարարության, պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել: Դրա համար առաջնային ու առավել կարևոր քայլը պետք է լինի լարվածության նվազեցմանը միտված քայլերի իրականացումը։
Ալիևն Էրդողանին մանրամասներ է հայտնել Սոչիի եռակողմ հանդիպման մասին
«Համոզված ենք նաև, որ եռակողմ հայտարարությունների դրույթների լիարժեք կյանքի կոչումը կնպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո»,-նշել է ԱԳՆ քարտուղարը։
Հիշեցնենք` Սոչիում եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց է ունեցել Ալիևի հետ։ Բանակցությունները տևել են երեք ժամ։ Եռակողմ հանդիպմանը հաջորդել է Պուտին–Փաշինյան առանձնազրույցը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ նոր եռակողմ հանդիպում կլինի, որի ժամանակ կներկայացվեն քննարկման որոշ արդյունքներ, հայտարարություն կարվի կայացրած որոշումների մասին։
Նշենք, որ Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել նաև դեկտեմբերի 15-ին Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։