ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Վլադիմիր Տոկարևին։ Տեղեկությունը հրապարակվել է գերատեսչության ֆեյսբուքյան էջում։
Սանոսյանը բարձր է գնահատել ռուսական կողմի հետ տրանսպորտի ոլորտում առկա համագործակցությունը։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ կատարելու հարցը, որը նախատեսում է ուղևորափոխադրումների մասով սուբսիդավորման չափի սահմանափակումների վերացում։
Նշվում է, որ նախարարի հետ հանդիպումից հետո ընդլայնված կազմով հանդիպումը շարունակվել է արդեն նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի հետ։ Կողմերը քննարկել են փոխգործակցության խորացման հեռանկարները, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետագա գործունեությանը, զարգացմանը վերաբերող հարցեր։
Քննարկվել են նաև մինչև կոնցեսիայի ավարտը երկաթուղում ներդրումների ծավալների ավելացմանը վերաբերող հարցեր։