ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստ է Ղրիմ այցելել, այդ մասին պայմանավորվածություն կա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Բելառուսի նախագահն այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
Լուկաշենկոյի խոսքով՝ իրեն արդեն հրավիրել են Ղրիմ։
«Մենք պայմանավորվածություն ունենք Պուտինի հետ, որ որոշ ժամանակ Ղրիմում ենք անցկացնելու», - ասել է նա:
Բելառուսի նախագահի խոսքով՝ նա երեք անգամ այդ թեմայով խոսել է ռուս գործընկերոջ հետ։
«Նա ինքն էլ պետք է կողմնորոշվեր, թե երբ հարմար կլինի, երբ է այնտեղ ավելի տաք։ Ես նրան ասել եմ՝ երբ հրավիրեք, այդ ժամանակ էլ կմեկնենք», - ասել է նա։
Ալեքսանդր Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ իր այցը Ղրիմ կնշանակի թերակղզու ճանաչումը որպես Ռուսաստանի մաս:
«Լսեք՝ էլ ուրիշ ինչ ճանաչում կարող է լինել։ Դա արդեն պարզից էլ պարզ է... Թեև ո՛չ ինձ, ո՛չ էլ Պուտինի համար գաղտնիք չէ, և ավելին, դա պարզապես ինչ-որ հարց է, որը գոյություն չունի։ Իմ ու Պուտինի միջև նման հարց չկա», - նշել է Լուկաշենկոն։
Ղրիմը Ռուսաստանի տարածք է դարձել 2014-ի մարտին այնտեղ անցկացված հանրաքվեից հետո, երբ Ղրիմի Հանրապետության և Սևաստոպոլի ընտրողների ճնշող մեծամասնությունը կողմ է արտահայտվել Ռուսաստանի կազմում ընդգրկվելուն։