Պարեկները կաշառք տալու կասկածանքով մի տղամարդու են բերման ենթարկել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը` հավելելով, որ նյութերն ուղարկվել են հակակոռուպցիոն կոմիտե։
Նշվում է, որ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները Սեբաստիայի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում նկատել են «Միցուբիշի» մակնիշի մեքենա, որի դիմապակին թաղանթապատ է եղել, բացի այդ, մեքենան չի ունեցել ԱՊՊԱ պայմանագիր։
Պարեկները ցանկացել են արձանագրություն կազմել Երևանի 24-ամյա վարորդի նկատմամբ։ Սակայն այդ ընթացքում նա, արձանագրություն չկազմելու համար, պարեկներից մեկի գրպանում փող է դրել։
Կաշառք տալու կասկածանքով տղամարդուն պարեկները բերման են ենթարկել ոստիկանություն։
Հանգամանքները քննությամբ պարզվում են։