ՄԱԿ–ի միջազգային դատարանը Ադրբեջանի դեմ ՀՀ հայցի որոշումը կհրապարակի դեկտեմբերի 7-ին

Sputnik
Հայաստանն ու Ադրբեջանը, յուրաքանչյուր երկիր, իր հերթին, փոխադարձ դատական հայցեր են ներկայացրել ՄԱԿ-ի միջազգային դատարան։
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի Միջազգային դատարանը Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ որոշումը կհրապարակի դեկտեմբերի 7-ին: Այս մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում։ Նույն օրը ՄԱԿ–ի դատարանը կհրապարակի նաև հակառակ հայցի վերաբերյալ վճիռը` Բաքուն ընդդեմ Երևանի։
Իր հայցում Հայաստանը պահանջում է, որպեսզի դատարանն անհապաղ ազատ արձակի հայ գերիներին, քաղաքացիական պատանդներին և այլ պահված անձանց, որոնք գերեվարվել են 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին կամ դրանից հետո զինված բախումների ժամանակ։ Մինչ այդ Ադրբեջանը պետք է նրանց հետ վարվի ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի իր պարտավորությունների շրջանակում։
Հայաստանը նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողների հարցով դիմել է ՄԻԵԴ
Ադրբեջանը պետք է զերծ մնա հայերի նկատմամբ ազգային հողի վրա ատելություն սերմանող արտահայտություններից, այդ թվում՝ դադարեցնի այսպես կոչված «ռազմական ավարների այգու» գործողությունը։ Բաքուն պետք է ապահովի հայերի կողմից վերահսկվող տարածքում մշակութային հուշարձաններ (վանքեր, հուշարձաններ և այլն) այցելելու հնարավորությունը, ինչպես նաև իրական միջոցներ ձեռնարկի այդ հուշարձանների պահպանման համար:
Բաքուն էլ սեպտեմբերի 24-ին հայց է ներկայացրել, որում պնդում է, թե իբր Հայաստանը մի շարք խտրական գործողություններ է իրականացրել և իրականացնում ադրբեջանցիների դեմ՝ նրանց ազգային և էթնիկ ծագման հիման վրա:
Թաթոյանի զեկույցները ներառվել են ՄԱԿ-ի միջազգային դատարանի՝ Ադրբեջանի դեմ ՀՀ գանգատում
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է Ադրբեջանի կողմից գերեվարված 4 զինծառայողի գործով անհապաղ միջոց կիրառելու վերաբերյալ իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանի և Սիրանուշ Սահակյանի դիմումը:
Եվրադատարան գանգատ է ներկայացվել ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած և գերեվարված, այնպես էլ նոյեմբերի 16-ին մարտական գործողությունների ժամանակ գերեվարվածներ զինծառայողների մասով: Նշենք, որ Ադրբեջանը գերեվարված 4 զինծառայողի մասին ՄԻԵԴ-ին պատասխան պետք է տա մինչև դեկտեմբերի 1-ը։